Թուրքիան խստացրել է դեպի ԱՄՆ թռիչքների ստուգումները

Հինգշաբթի օրը ԱՄՆ-ի իշխանությունները հայտարարեցին արտասահմանյան ավիաչվերթերում անվտանգության միջոցների խստացման մասին:

Թուրքական Անադոլու գործակալության հաղորդմամբ, Թուրքիայի ամենամեծ օդանավակայաններից մեկը՝ Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանը, արդեն իսկ խստացրել է դեպի Միացյալ Նահանգներ ուղևորվող չվերթների անվտանգության միջոցները՝ հույս ունենալով, որ ԱՄՆ-ի իշխանությունները մասամբ կմեղմացնեն արգելքները:

Նոր համակարգչային տոմոգրաֆիկ սարքը, կամ CT սկաները ներկայումս գտնվում է թեստավորման փուլում: Թուրքիայի իշխանությունները հույս ունեն, որ այն հետագայում կարող է էլեկտրոնային սարքերի ներկայիս արգելքի վերացման, ինչպես նաև անվտանգության երկարաժամկետ երաշխիք հանդիսանալ դեպի Միացյալ Նահանգներ և Մեծ Բրիտանիա իրականացվող ուղիղ չվերթների համար:

Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգները և Մեծ Բրիտանիան այս տարվա մարտ ամսին արգելք էին սահմանել Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի երկրներից իրականացվող չվերթներում բջջային հեռախոսից ավելի մեծ չափի էլեկտրոնային սարքեր անցկացնելու վերաբերյալ:

ԱՄՆ-ի փոխադրամիջոցների և անվտանգության վարչությունը հայտարարել է նոր սարքերի թեստավորման մասին, որը հնարավորության կտա ուղևորներին համակարգիչ և սահմանափակ քանակության հեղուկ մտցնել օդանավ՝ շրջանցելով նոր, խստացված արգելքը: