՝՝Իսլամական պետություն՛՛-ը կորցնում է գլխավոր հենակետերը

Your browser doesn’t support HTML5

ԱՄՆ-ի պաշտոնատար անձինք ասում են, թե Ամերիկայի աջակցությունը վայելող Սիրիայի ժողովրդավարական ուժերը Ռաքքայում ամբողջությամբ շրջապատել են ԴԱԵՇ ծայրահեղական խմբավորման դիրքերը։ Ծայրահեղականների համար չի մնացել փախուստի որեւէ ուղի։

Սիրիայի Ռաքքա քաղաքից դուրս տանող բոլոր ճանապարհները գտնվում են քրդական ու արաբական միացյալ ուժերի վերահսկողության ներքո։ Այսպես կոչված ՝՝Իսլամական պետություն՛՛ կամ ԴԱԵՇ անվանումը կրող խմբավորման զինյալները չունեն փախուստի որեւէ հնարավորություն։

Սիրիայի քրդերի Ժողովրդական պաշտպանության միավորումներ անվանումը կրող բանակի հրամանատարներից Աբու Խալիլի խոսքերով, ՝՝Բարձր են մեր զինվորականների տրամադրությունն ու բարոյական վիճակը։ Գործերը շատ լավ են առաջ գնում՛՛։

ԱՄՆ-ը հայտարարել է, որ երբ Ռաքքան ազատագրվի, հարկավոր է կազմել քաղաքի անվտանգության ուժեր եւ կառավարման համակարգ։ Սակայն ԱՄՆ-ը ունի այն մտավախությունը, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադն է ուզում այստեղ հաստատել իր վերահսկողությունը։ Ինչպես Պետդեպարտամենտի խոսնակ Հեդըր Նոուերթն է ասում,՝՝Հուսով ենք դա տեղի չի ունենա, քանի որ Միացյալ Նահանգներն ուզում է այստեղ հաստատել կայունություն եւ ի վերջո Սիրիայի ժողովրդին հետ բերել իրենց տները՛՛։

Սակայն դա անելը հեշտ չի լինի, եթե Ռուսաստանի ու Իրանի աջակցությունը վայելող Ասադին հավատարիմ ուժերը վերցնեն այն տարածքները, որտեղ մարդկանց մեծամասնությունը դեմ է նրա կառավարմանը։

Ամերիկյան ուժերի խոսնակ, գնդապետ Ռայըն Դիլոնի խոսքերով, Ռաքքան գրավելուց հետո, այս գործողությանը մասնակցած ուժերը շարունակելու են պայքարն այլ հատվածներում։

՝՝Սակայն, եթե շարունակենք առաջ շարժվել դեպի միջին Եփրատի հովիտը, Ասադի ուժերն այնտեղ են։ Ուրեմն՝ կամ պիտի շարժվենք այլ ուղղությամբ, կամ ռուսների հետ պիտի գտնենք հակամարտությունից խույս տալու ուղիներ՛՛։

Այստեղ խնդիր է նաեւ Թուրքիան։ Այն կտրականապես դեմ է, որ ԱՄՆ-ը աջակցի քուրդ մարտիկներին։
Անկարան ունի այն մտավախությունը, որ այստեղ կռվող քրդերը կմիանան Թուրքիայի քրդերին՝ կազմելու համար անկախ Քրդստան։ Այդ պատճառով ԱՄՆ-ը որոշ թվակազմով ուժեր է տեղակայել թուրք-սիրիական սահմանին՝ խոչընդոտելու համար քրդական դիրքերի դեմ օդային գրոհներ Թուրքիայի տարածքից։