ԱՄՆ-ի տնտեսությունն ընթացիկ տարվա առաջին եռամսյակում գրանցել է կայուն, բայց փոքր տնտեսական աճ: Վերլուծաբան Նարիման Բեհրավեշն ասում է, որ բարելավվել են սպառողական և բիզնես ծախսերի ցուցանիշները: Նա կանխատեսում է հաջորդ եռամսյակում ավելի մեծ տնտեսական աճ:
Սակայն տնտեսական աճը դժվար թե հասնի նախագահ Թրամփի նախընտրական շրջանում խոստացած 3 տոկոսին: Ֆինանսների նախարար Սթիվ Մնուչինն նշում է, որ նման տնտեսական աճ չի գրանցվի այս և հաջորդ տարում:
«Մենք նախատեսում ենք 2,9 տոկոսանոց աճ 10 տարվա համար, որը կարծում եմ բավականին պահպանողական գնահատական է: Ինչպես նախագահն, այնպես էլ ես հավատացած ենք, որ մենք կարող ենք ունենալ 3 տոկոսից ավելի բարձր արդյունք»,- հայտնել է ֆինանսների նախարարը:
Շատ տնտեսագետներ կարծում են, որ դա տեղի չի ունենա, եթե Կոնգրեսը չընդունի հարկային բարեփոխումների կամ տնտեսությունը խթանող այլ օրինագծեր:
«Այս հարցում առկա են մի քանի գործոններ: Մի կողմից Ռուսաստանի հետ կապված հետաքննություն է, մյուս կողմից Կոնգրեսում հանրապետականների պառակտված լինելու փատը, իսկ դեմոկրատները մերժողական դիրքորոշում են զբաղեցնում, ըստ այդմ բավականին դժվար կլինի անցկացնել որևէ օրինագիծ Կոնգրեսի միջոցով»,- նշում է վերլուծաբան Բեհրավեշը:
Չնայած ԱՄՆ-ի լարված քաղաքական իրավիճակն՝ համաշխարհային տնտեսության զարգացման համար ստեղծվել են վերջին 6 տարիների ընթացքում ամենանպաստավոր պայմանները: Այս տարի սպասվում է 3 տոկոսի տնտեսական աճ: Նշենք, որ միայն 2013 թվականին է գրանցվել 2,6 տոկոսի աճ:
Վերլուծաբանների կարծիքով տնտեսական աճ է սպասվում Եվրոգոտում, ինչպես նաև տնտեսական ճգնաժամից են դուրս գալիս զարգացող այնպիսի երկրներ, ինչպիսիք են Բրազիլն ու Ռուսաստանը: Ինչ վերաբերվում է երկրորդ ամենամեծ տնտեսությանը՝ Չինաստանին, ապա Բեհրավեշի կարծիքով այն կշարունակի ավելի զուսպ տնտեսական աճ գրանցել ի տարբերություն նախկինում ունեցած երկնիշ տնտեսական աճի, քանի որ այնտեղ կառավարման համակարգում տեղի են ունենում որոշակի փոփոխություններ և մեծանում է երկրի պարտքը: