Սիրիայում Դաեշ-ի զինյալները հարձակում են սկսել Սիրիայի դեմոկրատական ուժերի դեմ: Տեղից ստացված հաղորդագրությամբ, ահաբեկչական խմբավորումը փորձում է հետ գրավել վերջերս կորցրած տարածքները:
«Վաղ առավոտյան նրանք սկսեցին հարձակումը՝ օգտագործելով ռումբերով զինված 2 մեքենաներ և 3 մոտոցիկլետներ: Մեր զինվորները ոչնչացրեցին դրանք նախքան դրանց հասնելը մեր դիրքերին: Մենք ոչնչացրեցինք մոտ 16 Դաեշ-ի զինյալների»,- ասում է Սիրիայի դեմոկրատական ուժերի անդամ Ռանազ Քոբանին:
Ըստ ստացված տեղեկության, բախումներ են ընթանում Ռաքքայի արևմտյան շրջանի ռազմաճակատի մի քանի հատվածներում: Դաեշ-ը փորձում է վերադարձնել վերջին 18 ամիսների ընթացքում Սիրիայի դեմոկրատական ուժերի, Թուրքիայի հովանավորության ներքո ընդդիմադիր զինյալների, ինչպես նաև կառավարական ուժերի դեմ մարտերում կորցրած տարածքները: Դաեշ-ի վերահսկողության տակ գտնվող տարածքներից փախչում է նաև տեղի խաղաղ ազգաբնակչությունը:
«Շուրջ 30 օր ամբողջ Ռամադանի ընթացքում գտնվել ենք բանտարկված վիճակում: Նա, ով փորձեր ոտք դնել իր տանից դուրս, կգնդակահարվեր Դաեշ-ի կողմից: Ռամադանի սկզբում նրանք անջատեցին ջուրը: Այնտեղ ոչ ջուր կար, ոչ էլ հաց, ուստի մենք որոշեցինք հեռանալ այնտեղից՝ չնայած դրա համար կարող էինք սպանվել»,- ասում է Ռաքքայի բնակիչ Աբու Մուհամեդը:
Միացյալ Նահանգներն աջակցում է քուրդ և արաբ զինյալներից բաղկացած Սիրիայի դեմոկրատական ուժերին: Վերջիններս այս ամիս գործողություններ են սկսել Ռաքքան վերջնականապես ազատագրելու ուղղությամբ:
Այդ ընթացքում մարտեր են շարունակվում նաև Իրաքում: Իրաքյան զորքերը մոտենում են Մոսուլի հին քաղաքի մատույցներին՝ փորձելով վերջնականապես դուրս մղել Դաեշ-ի զինյալներին այստեղից:
Դաեշ-ի հետ առնչվող Ամաք լրատվական գործակալության տեսանյութում պատկերված են քաղաքի հին հատվածի Ալ Մաշադա շրջանում ընթացող մարտեր:
Իրաքյան զորամիավորումները մտել են Ալ Մաշադայի թաղամաս երեքշաբթի օրը: Նույն ժամանակ դաշնային ոստիկանական ուժերը գրավեցին Ալ Բայդ ու Ռաս ալ Ջադա թաղամասերը:
Ամերիկյան և կոալիցիոն ուժերը շարունակում են աջակցել իրաքյան զորքերին Դաեշ-ի դեմ պայքարում ինչպես օդում, այնպես էլ ցամաքային գործողությունների ընթացքում: