Հանուն սիրո ռիսկի դիմած Ֆրանսիայի «Ազգային ճակատ» կուսակցության երբեմնի աջակից, բուժքույր Բեաթրիս Հուրեն, հնարավոր է հայտնվի ճաղերի հետևում՝ ներգաղյալների անօրինական տեղափոխման մեջ իրեն ներկայացված մեղադրանքների ապացուցման դեպքում:
Հակա-ներգաղթային հռետորաբանությամբ հայտնի Ֆրանսիայի «Ազգային ճակատ» կուսակցության երբեմնի աջակից, բուժքույր Բեաթրիս Հուրեն, ով սիրային կապի մեջ է Իրանը լքած մի ուսուցչի հետ, երեքշաբթի օրը մասնակցում էր դատական նիստի՝ պատասխանելով Լամանշի նեղուցով ներգաղյալների անօրինական տեղափոխման մեջ իրեն ներկայացված մեղադրանքներին:
Հուրեն, ով քվեարկել և անգամ մասնակցել էր «Ազգային ճակատի» քաղաքական արշավին, ոչինչի համար չի զղջում՝ չնայած այն փաստին, որ հնարավոր է հայտնվի ճաղերի հետևում իր դեմ ներկայացված մեղադրանքների ապացուցման դեպքում:
Հուրեին 10 տարվա ազատազրկում է սպառնում՝ զոհաբերություն, որին նա պատրաստ է գնալ հանուն իր սիրած էակի:
Նախքան Բուլոն-Սուր-Մերի դատարան մտնելը, մուտքի մոտ Հուրեն զրուցել է Մոխթարի հետ, ով այժմ բնակվում է Անգլիայում՝ Ֆրանսիայի ծովափնյա Կալե քաղաքի հակառակ ափին: Կալե քաղաքից շատերն են փորձում տեղափոխվել Անգլիա, ինչը, սակայն, քչերին է հաջողվում:
Մոխթարը փորձում է չներքաշվել այս պատմության մեջ՝ վախենալով, որ դատավարությունը կարող է լրջորեն վտանգել իր կեցության կարգավիճակը:
Մոխթարը Կալեից 50 կիլոմետր հեռավորության գտնվող Դանն գյուղից եւս երկու հոգու հետ Անգլիա է հասել Լամանշի նեղուցով՝ փոքր նավակով , որը նա գնել էր Հուրեի հետ միասին, 1000 եվրոյով:
Դատարանի վերջնական որոշումը հայտնի կդառնա երեքշաբթի՝ օրվա երկրորդ կեսին: Հուրեի խոսքերով, պարսկերենի նախկին ուսուցիչ Մոխթարը արդեն դիմել է Մեծ Բրիտանիայի կառավարությանը՝ ապաստան ստանալու հայցով: