ԱՄՆ-ում բողոքում են Օբամաքեըրի մասին սենատորների ներկայացրած նախագծի դեմ

Your browser doesn’t support HTML5

Փակ դռների հետեւում մեկ շաբաթ անցկացրած բանակցություններից հետո, ԱՄՆ-ի Սենատի հանրապետականները հրապարակեցին Ամերիկայի առողջապահական համակարգը փոփոխության ենթարկելու եւ ‘’Օբամաքեըր’’ անվանումը ստացած համակարգը վերացնելու մասին նախագիծ:

Նախագիծն արժանանում է ոչ միայն բոլոր դեմոկրատների, այլ նաեւ չափավոր որոշ հանրապետականների քննադատությանը:

Նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերյան իր էջում ողջունել է այն, նշելով. ‘’Ես լիովին աջակցում եմ Սենատի ներկայացրած նախագիծը եւ անհամբերությամբ սպասում այն օրվան, երբ այն կմտնի ուժի մեջ: Հիշե՛ք, ‘’Օբամաքեըր’’-ը մեռած է’’:

Սակայն, երբ Սենատի մեծամասնության ղեկավար Միթչ ՄաքՔոնելը ներկայացնում էր 142 էջանոց առաջարկների փաթեթը, ցույցեր էին անցկացվում Վաշինգտոնի Ռոնալդ Ռեյգանի անվան օդանավակայանում: Մարդիկ այստեղ էին հավաքվել խոսելու համար այն սենատորների հետ, որոնք իրենց նահանգներն էին մեկնում շաբաթավերջն անցկացնելու համար:

Ինչպես ցուցարարներից Բարբարա Բըրդընն է ասում, բժշկական ծառայություններից օգտվելը մարդու իրավունք է, որից մարդկանց զրկել չի կարելի: Ու երբ մարդիկ նպաստ են ստանում պետությունից, ուրեմն ունեն այն նպաստի կարիքը:

‘’Մենք այստեղ ենք պաշտպանելու համար բժշկական ծառայություններից օգտվելու բոլորի իրավունքները’ անկախ նրանց եկամուտների չափերից’’, հայտարարում էին հավաքվածները:

Սենատի ներկայացրած օրինագիծը չեղյալ է հայտարարում առողջապահական ապահովագրություն ունենալու պահանջը, դադարեցնում ապահովագրություն ձեռքբերելու պետության կողմից հատկացվող նպաստները եւ վերսկսում ֆինանսական մեծ հատկացումներ կատարել ‘’Մեդիքեըր’’-ին, որն ապահովում է աղքատների ու հաշմանդամների բժշկական ծախսերը:

Եթե բոլոր դեմոկրատ սենատորները քվեարկեն նախագծի դեմ, ապա նախագիծն ընդունվելու համար հարկավոր է, որ հանրապետական 52 սենատորնեից առնվազն 50-ը քվեարկեն դրա օգտին:

Սակայն մինչ այժմ հանրապետական արդեն չորս սենատորներ են հայտարարել, որ քվեարկելու են նախագծի դեմ: