Ֆրանսիայում շարունակվում են քննարկումները ներգաղթյալների և փախստականների վերաբերյալ: Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ջերարդ Քոլոմբը հանդիպել է բարեգործական կազմակերպությունների հետ և քննարկել ներգաղթյալներին առնչվող հարցերը:
«Մենք քննարկել ենք, թե ինչ գործողություններ կարող ենք իրականացնել ներգաղթյալների և նրանց կացության բարելավման հետ կապված հարցերում: Կարծում եմ վստահեցրեցի նրանց, որ սխալ է ներգաղթյալներին կենտրոնացնել մեկ վայրում, այլ անհրաժեշտ է սփռել նրանց երկրով մեկ՝ այսպիսով խուսափելով նախկինում գործած սխալներից»,- ասել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարարը:
Քոլումբն ասել է, որ Ֆրանսիայի իշխանությունները նախաձեռնում են բարեփոխումներ ապաստանի տրամադրման հարցում: Անցած տարի իշխանությունները վերացրել էին ներգաղթյալների մի ճամբար նավահանգստային գոտում և այնտեղի բնակչությանը բնակեցրել երկրի տարբեր շրջաններում:
Ներքին գործերի նախարարը վստահեցրել է, որ իշխանությունները կփոխեն իրավիճակն այս հարցում: Ըստ մարդասիրական կազմակերպությունների՝ փախստականների համար նախատեսված ճամբարները գտնվում են չափազանց ծանր սոցիալական պայմաններում:
«Երկրի նախագահը մի շարք կարգադրություններ է տվել տարբեր ուղղությունների վերաբերյալ, որոնք պետք է մի կողմից վերահսկեն ներգաղթյալների հոսքը, սակայն հաշվի առնեն նաև մարդասիրական գործոնը: Մի քանի շաբաթվա ընթացքում կառաջարկենք ապաստանի տրամադրման իրավունքի հետ կապված բարեփոխումների նախագիծ»,- ասել է նախարար Քոլումբը:
Իշխանությունների վերացրած փախստականների ճամբարը խորհրդանշում էր Եվրոպայում այս հարցի շուրջ առկա դժվարությունները: Այս խնդիրը մարտահրավեր է Ֆրանսիայի նորընտիր կենտրոնամետ իշխանությունների համար: Վերջիններս գտնվում են մարդասիրական բարեգործական կազմակերպությունների ճնշման ներքո, որոնք ճամբարներում ներգաղթյալների պայմանները բնութագրում են որպես անմարդկային: