Ջորջիայում հաղթեց հանրապետականը

From left, Georgia congressional candidates Republican Karen Handel and Democrat Jon Ossoff.

Ջորջիա նահանգի հատուկ ընտրությունները, ուր հանրապետական Քերեն Հենդելը հաղթեց դեմոկրատ թեկնածու, 30-ամյա Ջոն Օսոֆին, չափազանց ծախսատար էին երկու կողմերի համար՝ հասնելով մոտ 50 միլիոն դոլարի:

Հենդելը շնորհակալություն է հայտնել նախագահ Թրամփին և հանրապետական կուսակցությանը։ Վերջինս իր ելույթում անդրադարձավ նաև հանրապետական կոնգրեսական Սթիվ Սքալիզի հետ կապված վերջին ողբերգական միջադեպին ՝ կոչ անելով նվազեցնել զայրույթը քաղաքական պայքարում:

«Մենք պետք է գտնենք անհամաձայնությունների հարթեցման ավելի քաղաքավարի ձևեր: Ամերիկայի Միացյալ Նահանգներում ոչ ոք չպետք է զգա կյանքի սպառնալիք իր քաղաքական հայացքների և համոզմունքների համար»,- ասել է Հենդելը:

Ջորջիա նահանգը շարունակում է մնալ քաղաքականապես պառակտված, քանի որ նախագահական ընտրությունների ժամանակ հանրապետական Թրամփը դեմոկրատ Քլինտոնի նկատմամբ առավելության է հասել ընդամենը մեկ տոկոսով: Այս վերջին հատուկ ընտրություններին բազմաթիվ դեմոկրատներ և հասարակական խմբեր աջակցել են երիտասարդ Ջոն Օսոֆի թեկնածությանը:

«Մենք ցույց տվեցինք նրանց, թե ինչի է ունակ բարությունը, խիզախությունն ու մարդասիրությունը: Մենք ցույց տվեցինք, որ ունակ ենք ստեղծել այնպիսի մարդկանց կոալիցիա, ովքեր միմյանց նկատմամբ կասկածանքով վերաբերվելու փոխարեն, միասնաբար են հանդես գալիս, և դա այս երկրի համար միակ ճանապարհն է»,- ասել է Օսոֆը:

Նախագահ Թրամփը պաշտոնական արդյունքների հրապարակումից հետո թվիթերի միջոցով շնորհավորել է Հենդելին հաղթանակի կապակցությամբ: Սա հանրապետականների այս տարվա հերթական հաղթանակն է հատուկ ընտրություններին: Հանրապետականները մեծամասնություն են կազմում ԱՄՆ Կոնգրեսում, սակայն նախագահ Թրամփի շուրջ ընթացող զարգացումները կարող են փոխել քաղաքական ուժերի հարաբերակցությունը հաջորդ տարվա ընտրություններից հետո: