ՄԱԿ-ի գլավոր ասամբլեայի որոշմամբ՝ Հունիսի 20-ը փախստականների միջազգային օրն է: Այսօր աշխարհում պատերազմների և բռնությունների արդյունքում՝ իրենց տներից և բնակավայրերից տեղահանված մարդկանց թիվը 65 միլիոն է, որոնցից շուրջ 22 միլիոնը փախստականներ են:
Սիրիայում վերջին վեց տարիներին ընթացող քաղաքացիական պատերազմի, Դաեշ ահաբեկչական խմբավորման կողմից երկրի հյուսիսարևելյան հատվածի բռնազավթման արդյունքում, հազարավոր սիրիացիներ լքել են իրենց բնակավայրերն ու դարձել անապաստան: Չնայած, որ Դաեշ-ը վերջին ամիսներին պարտություն է կրում, կորցնելով հսկայական տարածքներ, հայրենիքից տեղահանված սիրիացիների մեծ մասը, հասկանալի պատճառներով, չեն շտապում վերադառնալ տուն:
«Առանց անվտանգության երաշխիքների մենք չենք վերադառնա: Ո՞րտեղ պետք է ապրենք: Ինչպե՞ս պետք է սնվենք և գոյատևենք: Բոլոր նրանք, ովքեր կորցրել են իրենց տները պատկերացում չունեն՝ որտեղ կարող են աշխատե ու ապրել իրենց ընտանիքների հետ», - ասում է Լիբանանում ժամանակավոր ապաստան ստացած սիրիացի կինը:
Փախստականներից շատերը ժամանակավորապես բնակվում են ՄԱԿ-ի կողմից ստեղծված վրանների քաղաքներում: Նրանց մեծ մասը անորոշությամբ սպասում են երրորդ երկիր տեղափոխվելու վերաբերյալ որոշմանը: 10 միլիոն բնակչություն ունեցող Հորդանանը պատերազմից ի վեր ընդունել է շուրջ 700 հազար տեղահանվածների: Միջազգային փաստաբանների խմբավորումը Հորդանանում աջակցություն է տրամադրում՝ ամենախոցելի խմբում հայտնված, բռնարարքների և զոհ դարձած 50 փախստականների:
«Ես ասում եմ նրանց, որ մենք կաջակցենք ձեզ այնքան ժամանակ, քանի դեռ դուք զգում եք մեր օգնության կարիքը: Մենք կօգնենք ձեզ այնքան մինչև կկարողանաք ոտքի կանգնել և հոգ տանել ձեր մասին, որը կարող է տևել 10, կամ 20 տարի միգուցե՝ ավելի երկար»,- պատմում է «Ռիդ Սմիթ» փախստականների պաշտպանության նախաձեռնությունից Ջեյն Ֆլեմինգը:
Փախստականների միջազգային օրվա կապակցությամբ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը կոչ է անում միջազգային հանրությանը համակարգված ջանքերով աջակցություն ցուցաբերել փախստականների խնդրին՝ կարևորելով նրանց անվտանգ բնակավայրեր տեղափոխման, կրթության հնարավորության, առողջական աջակցության և աշխատանքով ապահովելու խնդիրները:
ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի Մերձավոր արևելքի գրասենյակի հանրային կապերի տնօրենի խոսքերով, փախստականներին ուղղված նվիրատվությունը անկախ չափից, ենթակա չի հարկման և անմնացորդ ծառայում է նպատակին:
Հիշեցնենք, որ ամեն րոպե, աշխարհում շուրջ 20 մարդ ստիպված լքում է իր տունն ու բնակավայրը բռնության և հետապնդման արդյունքում: ՄԱԿ-ի 2006 թվականի տվյալներով՝ փախստականների թիվը աշխարհում հասել է 65 միլիոնի, որը ամենաբարձր ցուցանիշն է 2-րդ աշխարհամարտից հետո: