Բրիտանական ոստիկանությունը հաղորդում է, որ բեռնատար մեքենան Լոնդոնի մզկիթներից մեկի մոտ վրաերթի է ենթարկել անցորդներին երկուշաբթի օրը՝ վիրավորելով 10 մարդու: Իշխանություններն այս գործողությունը որակել են ահաբեկչություն:
«Դա պատահար չէր: Այնպես չէ, որ վարորդը ոգելից խմիչքի ազդեցության ներքո էր ու բեռնատարը դուրս էր եկել վերահսկողությունից: Սա միտումնավոր և թշնամանքով լի սարսափելի գործողություն էր, որի արդյունքում ունեցանք զոհ»,- հայտարարել է ոստիկանության ներկայացուցիչը:
Իշխանությունները տեղեկացրել են, որ քաղաքացիների օգնությամբ ձերբակալվել է բեռնատարի 48 ամյա վարորդը:
Հակաահաբեկչության դեմ պայքարի կառույցի ղեկավարի տեղակալ Նեյլ Բասուն հայտնում է, որ այդ վարորդը գործել է միայնակ: Պաշտոնյան շնորհակալություն է հայտնել այն քաղաքացիներին, ովքեր օգնել են ահաբեկչի ձերբակալման հարցում:
«Դա ապացուցում է, որ լոնդոնցիները միասնական են ի հակառակ ահաբեկիչների ու ծայրահեղականների սպասումների»,- նշել է Նեյլ Բասուն:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը դատապարտել է հարձակումն իր ելույթում և ընդգծել, որ ատելությունն ու չարիքը երբեք չեն հաղթի:
«Սա հարձակում էր մահմեդականների դեմ իրենց իսկ սրբավայրի մոտ ահաբեկչության բոլոր դրսևորումներին և նպատակներին բնորոշ: Այն ցանկանում էր վնաս հասցնել մեր միասնականությանը և քաղաքացիական գիտակցությանը, որն ունենք մենք մեր երկրում»,- ասել է վարչապետ Մեյը:
Բոլոր վիրավորվածները մահմեդականներ են: Իշխանություններն ասում են, որ ահաբեկչության միակ զոհված քաղաքացին մահացել է դեպքի վայրում, երբ նրան ցուցաբերվում էր բժշկական օգնություն:
Վերջին շրջանում Մեծ Բրիտանիան հայտնվել է ահաբեկիչների թիրախում, ուր մեկը մյուսի հետևից տեղի ունեցան ահաբեկչական գործողություններ, ներառյալ Մանչեսթերում և Լոնդոնում: