ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը միասնական է: Դեմոկրատներն ու հանրապետականները կանգնած են ուս ուսի՝ քննադատելով հանրապետական կոնգրեսականների դեմ վերջերս տեղի ունեցած զինված հարձակումը:
«Մենք միասնական ենք, մենք ծառայում ենք ժողովրդին, միասնական ենք մեր մարդասիրության մեջ, որն այսօր գերիշխող է»,- ասում է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փոլ Ռայանը:
Օրերս բեյսբոլի մարզման ժամանակ հանրապետական կոնգրեսական Սթիվ Սքալիսը, իր երկու աշխատակիցներ և երկու ոստիկաններ, որոնք կանխեցին ավելի մեծ ողբերգությունը, վիրավորվել են հրաձգության արդյունքում:
«Ոստիկանությունը փրկել է մեր կյանքը», հայտարարել է կոնգրեսական Բարտոնը:
Կոնգրեսական Ջեֆ Դունկանն էլ ասում է, որ նա զրուցել է հրաձիգի հետ նախքան միջադեպը: Նա վստահ է, որ հանրապետական օրենսդիրներն էին հիմնական նշանառուները նրա համար:
«Ես մեքենաների կայանատեղում առնչվեցի մի անձնավորության հետ, ով հարցնում էր, թե արդյոք մարզման մասնակիցները հանրապետական են, թե դեմոկրատ: Ես ասացի, որ մասնակիցները հանրապետական են: Նա շնորհակալություն հայտնեց»,- ասում է կոնգրեսական Դունկանը:
Կոնգրեսական Չաք Ֆլեշչմենը ևս հրաձգությունը վերապրած օրենսդիրներից է:
«Ամենուրեք աղմուկ էր: Ես նկատեցի, որ գետինն արյունոտ է: Կային վիրավորներ: Փառք Աստծո նա չկրակեց ինձ վրա: Իմ բախտը ուղակի բերեց»,- ասում է կոնգրեսական Ֆլեշչմենը:
Կոնգրեսական Ռայան Կոստելոն էլ խուսափել էր հրաձգությանը ներկա գտնվելուց, քանի որ ուշացել էր մարզմանը:
«Մենք, թե՛ հանարապետական և թե՛ դեմոկրատ օրենսդիրներս, այստեղ ենք միասնաբար գործելու ու աշխատելու, անգամ եթե համամիտ չենք միմյանց հետ»,- ասում է կոնգրեսական Կոստելոն:
Օրենսդիրներից շատերն ընդգծում են, որ այս ահավոր հրաձգությունը նրանց հետ չի պահի իրենց աշխատանքն ու ամերիկյան ժողովրդի առջև պարտքը կատարելուց: