Մոնտանա նահանգից ընտրված կոնգրեսականը խուսափել է ազատազրկումից այն բանից հետո, երբ իրեն մեղավոր է ճանաչել ընտրությունների նախօրեին լրագրողի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ:
Բոսմեն քաղաքի դատավորը դատապարտել է Գրեգ Ջայնֆորտին՝ որպես պատիժ սահմանելով 385 դոլարի տուգանք, 40 ժամ հասարակական աշխատանքներ, ինչպես նաև 20 ժամ զայրույթի վերահսկողության հոգեբանական դասընթացների այցելում:
The Guardian-ի լրագրող Բեն Ջեքոբսը հարց էր ուղղում Ջայնֆորտին մայիսի 24-ին հանրապետականների առաջ քաշած առողջապահական նախագծի վերաբերյալ:
«Կխոսենք դրա մասին ավելի ուշ»,- լսվում է Ջայնֆորտի ձայնը:
«Այո, բայց ժամանակ այլևս չկա: Ինձ հետաքրքրում է... »,- արձագանքում է լրագրողը:
«Խոսեք Շեյնի հետ խնդրում եմ»։
«Բայց...»
«Ես զզվել եմ ձեզնից արդեն: Վերջին լրագրողը, որ այստեղ էր, անում էր նույն բանը: Հեռացի՛ր այստեղից: Հեռացի՛ր: Վերջին լրագրողը նույն բանն էր անում: Դու Guardian-ի՞ց ես»:
«Այո, և դուք նոր կոտրեցիք իմ ակնոցը»։
«Վերջին լրագրողը նույն բանն էր անում, գրողը տանի»:
«Դուք իմ նկատմամբ ֆիզիկական ուժ գործադրեցիք ու կոտրեցիք ակնոցս»։
«Հեռացի՛ր այստեղից»։
Լրագրող Բեն Ջեքոբսն իր հայտարարության մեջ նկարագրել է միջադեպը, սակայն նշել, որ ընդունում է կոնգրեսականի ներողամտությունը:
«Համուզված եմ, որ նա կլինի ազատ մամուլի և Սահմանադրության պաշտպան: Հուսամ ի վերջո կկարողանամ հարցազրույց վերցնել նրանից, երբ նա ժամանի Կոնգրես: Մեկ բան կլիներ, եթե այս միջադեպը լիներ միայն իմ և Կոնգրեսի թեկնածուի միջև, սակայն այն հանրայնացվեց ու քաղաքականացվեց»,- հայտարարել է լրագրողը:
Ջայնֆորտեն և Ջեքոբսը անցած շաբաթ հասել են համաձայնության, որի արդյունքում կոնգրեսականը գրավոր ներողություն է խնդրել և 50 հազար դոլար նվիրաբերել Լրագրողների պաշտպանության հանձնաժողովին: