ԱՄՆ-ի Կոնգրեսի շենքում էին մի քանի օր առաջ հավաքվել աշխարհի տարբեր երկրներից այստեղ ժամանած ակտիվիստներ, որոնք իրենց երկրներում պայքարում են ընդդեմ կոռուպցիայի։ Այստեղ նրանք արժանացան Ժողովրդավարության ազգային հաստատության գովասանքին եւ պայքարը շարունակելու խրախուսանքի։
ԱՄՆ-ի Կապիտոլիումում էին հավաքվել տարբեր երկրներից Միացյալ Նահանգներ ժամանած ակտիվիստներ, որոնք իրենց երկրներում պայքար են ծավալել ընդդեմ կոռուպցիայի։ Խալիլ Փարսան եկել է Աֆղանստանից, որը միջոցառման ժամանակ խոստացավ երբեք չդադարեցնել պայքարը։
Ինչպես Ներկայացուցիչների պալատի նախագահ Փոլ Ռայընն ասաց հանդիպման ժամանակ,Փարսային ինն անգամ կրակել են։ Նրա խոսքերով, ԱՄՆ-ի ղեկավարությունը մեծապես է գնահատում նրա նվիրվածությունն ու պայքարը։
Փարսայի խոսքերով, ինքը միայնակ չէ այս պայքարում։ ՝՝Աֆղանստանում կոռուպցիայի դեմ պայքարող բոլոր անձանց համար է կյանքը վտանգներով լի։ Ես ինքս դրանից չեմ վախենում։ Հարկավոր է, որ մենք միասնաբար պայքարենք հանուն ժողովրդավարության, օրենքի գերակայության, հանուն նրա, որ մարդիկ կրեն պատասխանատվություն իրենց արարքների համար՛՛։
Փարսան, որն Անգոլայից, Ուկրաինայից, Մալայզիայից ու Գվատեմալայից այստեղ ժամանած ակտիվիստների հետ արժանացավ պարգեւի, ասում է, թե կոռուպցիայի դեմ պայքարում նույնպես կարեւոր է համագործակցությունը։
Կոռուպցիան արմատախիլ անելու համար հարկավոր է, ասում է նա, որ բոլորս աշխատենք միասնաբար։ Նրա խոսքերով, իրենք Աֆղանստանում հենց այդպես էլ անում են։
Պայքար, որն ԱՄՆ-ը չափազանց կարեւոր է համարում եւ հայտնում նրանց օգնելու հարցում պատրաստակամություն։ ՝՝Եթե ոչ Ամերիկան, ապա էլ ո՞վ պիտի համախմբի մարդկանց ազատության, մարդու իրավունքների ու օրենքի գերակայության շուրջ պայքարում՛՛, հրապարակային հարց ուղղեց Ներկայացուցիչների պալատի նախագահը։
Ամերիկան վերջին ապաստանը դարձավ Քլաուդիա Էսքոբարի համար, որը ստիպված է եղել ընտանիքով հեռանալ Գվատեմալայից, որտեղ փորձել էր վերհանել կառավարության մեջ տարածված կոռուպցիայի մասին փաստեր։
Նրա խոսքերով, իրեն այնտեղ մեղադրում էին հեղաշրջում կազմակերպելու փորձերի մեջ։
՝՝Չենք կարող պայքարել առանց ուժեղ հաստատությունների։ Հարկավոր են բարեփոխումներ, հենված անկախ դատական համակարգի վրա։ Իսկ դա տեղի կունենա, երբ երկրի բոլոր ոլորտներում նկատվի համախմբվածություն՛՛։
Ճանապարհը փշոտ է, լի՝ վտանգներով։ Սակայն ամեն մի քայլ այս ուղու վրա ծնում է նոր հույս, հույս այն մասին, որ այս ճանապարհը տանում է դեպի հաղթանակ։