Մինչ Իրաքի զինված ուժերը, Միացյալ Նահանգների գլխավորած միջազգային դաշինքի օգնությամբ, փորձում են վերջնականապես ազատագրել Արևմտյան Մոսուլը, խուճապի մեջ հայտնված ԴԱԵՇ-ը դիմում է ծայրահեղ գործողությունների:
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գրասենյակը Հինգշաբթի օրը հայտարարել է, որ ԴԱԵՇ-ի զինյալների դաժան զոհ են դարձել առնվազն 231 խաղաղ բնակիչներ, ովքեր փորձում էին լքել Արևմտյան Մոսուլը:
Ըստ ստույգ աղբյուրների, ԴԱԵՇ ծայրահեղական խմբավորման իրականացրած սպանդը տեղի է ունեցել մայիսի 26-ից հունիսի 3-ը ընկած ժամանակահատվածում Արևմտյան Մոսուլի ալ-Շիֆա թաղամասում, երբ քաղաքի բնակիչները փորձում էին դուրս պրծնել զինյալների կողմից վերահսկվող տարածքներից:
ՄԱԿ-ը ներկայումս վերահաստատում է Արևմտյան Մոսուլի մեկ այլ թաղամասի՝ Զանջիլլի վիրավորների թվը, որտեղ ըստ վերոնշյալ աղբյուրների, զոհվել է ևս 50-ից 80 մարդ՝ օդուժի կողմից իրականացված գործողությունների արդյունքում:
Հիշեցնենք, որ Արևմտյան Մոսուլում մարտերը շարունակվում են այս տարվա փետրվար ամսից, այն բանից հետո, երբ Իրաքի բանակը Միացյալ Նահանգների գլխավորած միջազգային դաշինքի աջակցությամբ ազատագրել քաղաքի արևելյան հատվածը:
Մինչ Իրաքի զինված ուժերի նպատակը Արևեմտյան Մոսլում ԴԱԵՇ-ին վերջնական պարտության մատնելն է, մարդու իրավունքների պաշտպանության մի շարք միջազգային կազմակերպություններ հինգշաբթի օրը կոչ են արել Միացյալ Նահանգների գլխավորած միջազգային դաշինքին՝ զերծ մնալ այնպիսի զինատեսակների օգտագործումից, որոնք կարող են անխուսափելիորեն թիրախավորել քաղաքի խաղաղ բնակչությանը: