Մոնտենեգրոն անդամակցեց Հյուսիսատլանտյան դաշինքին

Չնայած Մոսկվայի առարկություններին՝ երկուշաբթի օրը Պետքարտուղարությունում տեղի ունեցած արարողության ժամանակ, Մոնտենեգրոն՝ Բալկանյան ամենափոքր պետությունը, պաշտոնապես դարձավ ՆԱՏՕ-ի 29-րդ անդամ երկիրը:

2006 թվականի մայիսի 26-ին Սերբիայում անցկացվեց համաժողովրդական հանրաքվե, որի արդյունքում նախկին կոմունիստական Հարավսլավիայի մասը հանդիսացող Մոնտենեգրոն հայտարարեց իր անկախությունը:

Երեքշաբթի օրը Վաշինգտոնում ՆԱՏՕ-ին Մոնտենեգրոյի անդամակցությանը նվիրված արարողության ժամանակ Մոնտենեգրոյի վարչապետ Դուսկո Մարկովիչը նշել է, որ՝օրը հատկանշական է մի փոքր երկրի համար, որը բազմաթիվ փորձություններով է անցել:

«Պատմությունը ցույց է տվել՝ երբ ասում ենք Մոնտենեգրո, պատկերացնում ենք փոքր երկիր և բազում զրկաքներ: Շուրջ 100 տարի առաջ, 1-ին աշխարհամարտի տարիներին այն ջնջվեց քարտեզի վրայից, սակայն այսօր, արդեն 11 տարեկան նորանկախ Մոնտենեգրոն, կրկին համաշխարհային քաղաքականության մասն է կազմում: Մենք այսօր նշում ենք այս փաստը վստահ լինելով, որ դեպի անցյալ հետադարձ ճանապարհ չկա և, որ մեր փոխարեն այլևս ոչ ոք որոշումներ չի կայացնելու»:

Միջոցառման ընթացքում կազմակերպության գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հանդես է եկել ջերմ ողջույնի խոսքով:

«ՆԱՏՕ-ին Մոնտենեգրոյի անդամակցությունը ուղերձ է ուղարկում այն պետություններին, ովքեր նույնպես ցանկանում են անդամակցել մեր դաշինքին, որ, եթե երկիրը իրականում բարեփոխումներ է կատարում օրենքի և ժողովրդավարական արժեքների վրա հիմնված երկիր կառուցելու ուղղությամբ, սպառազինում բանակը ժամանակակից զինատեսակներով և նպաստում համընդհանուր անվտանգությանը, ապա այդ երկրի առջև նույնպես դռները բաց կլինեն»:

ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Թոմաս Շենոնը նույնպես շնորհավորել է Մոնտենեգրոյի վարչապետին:

Ի տարբերություն Թրամփի՝ Շենոնը վերահաստատել է ԱՄՆ-ի հավատարմությունը դաշինքի ընդհանուր պաշտպանության սկզբունքներին, որն ամրագրված է վաշինգտոնյան պայմանագրի 5-րդ հոդվածում, որը ապահովում է ՆԱՏՕ-ի անդամ երկրների անվտանգությունն արդեն շուրջ յոթ տասնամյակ:

Հիշեցնենք, որ Մարտի 28-ին ԱՄՆ-ի սենատը՝ ձայների ճնշող մեծամասնությամբ վավերացրել էր Մոնտենեգրոյի ՆԱՏՕ-ի անդամակցության արձանագրությունը, իսկ Թրամփն անցած ամիս հայտնվել էր լրատվամիջոցների գլխագրերում այն բանից հետո, երբ Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթաժողովին նախորդող համատեղ լուսանկարվելու արարողակարգից առաջ կոպտորեն հրել էր Մոնտենեգրոյի վարչապետ Դուսկո Մարկովիչին:

Մարկովիչը միջադեպը որակել էր որպես «միանգամայն անվնաս իրավիճակ»: