Արտասահմանյան առաջին ուղեւորությունից հայրենիք վերադառնալուց հետո ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կանգնում է դժվարին խնդրի առջեւ, երբ այստեղ սկսվել է Ռուսաստանի հետ առնչվող հարցերի շուրջ հետաքննություն։ Շրջանակը նեղանում է, երբ դեռեւս չհաստատված մեղադրանքներ են հնչում Թրամփի ամենամոտ աջակիցների, այդ թվում՝ նրա փեսայի նկատմամբ:
Մինչ Թրամփը իր արտասահմանյան առաջին այցելությունները հաջողված է որակել, լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է նրա ամենավստահելի անձանցից մեկը:
«Ջարեդը Նյու Յորքի անշարժ գույքի ամենահաջողակ գործարարներից է և ես շատ հպարտ եմ նրանով»,- հայտարարել էր Թրամփը նախընտրական քարոզարշավի ընթացքում:
ԱՄՆ-ի հետաքննությունների դաշնային բյուրոն պատրաստվում է հարցաքննել Թրամփի փեսային՝Ջարեդ Քուշներին, «ԱՄՆ-ի անցած նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտության գործի» շրջանակներում: Որոշ լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Ջարեդ Քուշները, նախքան Թրամփի երդմնակալության արարողությունը, հանդիպել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեպսանի հետ Մոսկվայի հետ գաղտնի կապուղի ստեղծելու նպատակով:
«Անցած նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտության համատեքստում, գերխնդիրը մեկն էր՝ վնաս հասցնել Հիլարի Քլինթոնին և աջակցել Թրամփին: Եվ եթե մեր ունեցած տեղեկատվությունը արժանահավատ աղբյուրներից է, ապա Թրամփի փեսան, և ամենավստահելի մարդկանցից մեկը այդ ամենից հետո փորձել է գաղտնի դիվանագիտական հարաբերություններ հաստատել ռուսների հետ Ռուսաստանի դիվանագիտական խողովակներով։ ապա Հարցն այն է, թե ումից են ցանկանում թաքցնել այդ խոսակցությունները», - հայտարարել է կոնգրեսական Ադամ Շիֆը:
Կենտրոնական հետախուզական վարչության նախկին տնօրեն Մայքըլ Հայդենը չթաքցրեց իր վրդովմունքը:
«Որքան անտեղյակ, կասկածամիտ, ինքնավստահ ու անհարգալից պետք է լինել՝ մտածելու համար, որ Ռուսաստանի դեսպանի հետ հանդիպելը լավ և կոռեկտ գաղափար է»:
Հետաքննությունների դաշնային բյուրոյի ռադարում հայտնված նախագահի փեսան, ըստ որոշ լրատվամիջոցների, այլընտրանքային ուղիներ է փնտրել Ռուսաստանի հետ Սիրիայի և այլ հակամարտությունների քննարկման համար, ինչը ըստ ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի որոշ բարձրաստիճան պաշտոնյաների՝ միանգամայն նորմալ երևույթ է:
«Ըստ իս, Ռուսաստանի նման երկրի հետ հաղորդակցության միջոցների ստեղծումը սովորական, ընդունված և նույնիսկ՝ լավ որոշում է»:
Կոնգրեսի տարբեր հանձնախմբեր անհամբերությամբ սպասում են այս աղմկահարույց գործի առնչությամբ Հետաքննությունների դաշնային բյուրոյի պաշտոնաթող տնօրեն Ջեյմս Քոմիի վկայությանը։:
Կոնգրեսական Ադամ Շիֆի կարծիքով Ջարեդ Քուշները պետք է վկայություն տա Ներկայացուցիչերի պալատի անվտանգության հարցերով հանձնաժողովում: Հետաքննությունների դաշնային բյուրոյի նախկին տնօրեն Ռոբերթ Մուլերը պետք է փորձի պարզել Մոսկվայի հետ գաղտնի կապուղիներ ստեղծելու գործում քրեական հանցատարրերի առկայությունը: