Վատիկանում Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ 30 րոպե տևած հանդիպումից հետո, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ավելի հաստատակամ է տրամադրված աշխարհում խաղաղություն հաստատելու ուղղությամբ:
Երեքշաբթի օրը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ժամանել է Վատիկան, որտեղ հաջորդ օրը նրան առաջին անգամ ընդունել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը:
Առաքելական Պալատում կայացած Հռոմի պապի և Դոնալդ Թրամփի առանձին հանդիպմանը հաջորդել է Հռոմի պապի ընդլայնված հանդիպումը՝ ամերիկյան պատվիրակների և առաջին տիկին Մելանիա Թրամփի հետ:
Ավանդույթ դարձած նվերների փոխանակման ժամանակ, Թրամփը Ֆրանցիսկոս պապին նվիրել է Մարթին Լյութեր Քինգի գրքերից, իսկ Հռոմի պապը Դոնալդ Թրամփին՝ հռոմիացի արվեստագետի կողմից պատրաստված ձիթապտղի պատկերով մեդալիոն, որը, ինչպես նշել է Ֆրանցիսկոս պապը, խաղաղության խորհրդանիշ է հանդիսանում: Պապը Դոնալդ Թրամփին նաև երեք գիրք է նվիրել՝ ընտանիքի, ավետարանի պարգևած ուրախության և շրջակա միջավայրի պահպանության թեմաներով:
Ավելի ուշ` Թրամփը անդրադարձել է հանդիպմանը:
«Նա յուրահատուկ, շատ լավ մարդ է: Մենք ֆանտաստիկ հանդիպում ունեցանք՝ ֆանտաստիկ այց, ամեն ինչ գեղեցիկ էր: Մեզ այստեղ Իտալիայում շատ է դուր գալիս, վարչապետը, բոլորը: Մեծ պատիվ է այստեղ լինել ու հանդիպել Հռոմի պապին»:
Իտալացի պաշտոնյաների հետ առանձին հանդիպումներից հետո Դոնալդ Թրամփի նախագահական ինքնաթիռը ուղևորվեց Բրյուսել: