Մայիսի 19-ին ամերիկյան Թեքսաս նահանգն ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման մասին համար 191 բանաձևը, որը, պատմական ակնարկ անցկացնելով 1915-1920 թվականներին Օսմանյան կայսրության տարածքում հայ ազգաբնակչության զանգվածային կոտորածների մասին, ընդգծում է հայերի բնաջնջման կազմակերպված բնույթը: Փաստաթուղթը եզրափակվում է Թեքսաս նահանգի 85-րդ գումարման Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին դրույթով:
Ամերիկայի Ձայնը այս առիթով զրուցեց բանաձևի հեղինակ, Թեքսասի ներկայացուցիչների պալատի անդամ Սքոթ Սեմֆորդի հետ, ով ընդգծեց բանաձևի ընդունման կարևորությունը:
«Բանաձևի ընդունման նպատակը շատ պարզ է. ճանաչել ճշմարտությունը Թեքսաս նահանգում: Դա ցեղասպանություն էր, և դրա ճանաչումը կօգնի կանխել հնարավոր ապագա բռնություններն աշխարհում»,- ասում է բանաձևի հեղինակ, Թեքսասի ներկայացուցիչների պալատի անդամ Սեմֆորդը:
Թեքսասը դարձավ ամերիկյան 46-րդ նահանգը, որը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Ըստ ներկայացուցիչ Սեմֆորդի՝ Թեքսասի ճանաչման բանաձևի ընդունումն անգամ ուշացած քայլ է:
«Թեքսասը 46-րդ նահանգն է, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Մենք դա արեցինք, մի փոքր ուշացմամբ՝ միջազգային հանրությանն ուղերձ հղելով, որ այն ևս պետք է ընդունի ճշմարտությունը և ճանաչի Հայոց ցեղասպանությունը»
Ամերիկահայ կառույցները ողջունել են Թեքսասի Ներկայացուցիչների պալատի բանաձևը՝ ընդգծելով նաև տեղի ամերիկահայ համայնքի ներդրումն այս գործում:
«Այս նախաձեռնությունն ընդգրկում էր տեղի հայ համայնքի լայն շրջանակներ: Մենք Թեքսասում հզոր համայնք ունենք, որը մեծ աջակցություն է ստացել Հայ Դատի արևմտյան ափի հանձնախմբից»,- ասել է Հայ Դատի հանձնախմբի Վաշինգտոնի գրասենյակի ղեկավար Արամ Համբարյանը:
Թեքսասի ճանաչմամբ Միացյալ Նահանգների ողջ արևմտյան ափը փաստացի ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Ամերիկահայ կառույցները շարունակում են աշխատանքներ տանել ԱՄՆ-ի բոլոր նահանգներում ցեղասպանության ճանաչմանը հասնելու ուղղությամբ:
«Թեքսասի ճանաչմամբ մնացել են 4 նահանգներ ու Կոլումբիայի շրջանը, որ ճանաչեն ցեղասպանությունը: Մենք քրտնաջան աշխատանք ենք տանում այդ ուղղությամբ և հուսով ենք, որ շուտով լավ լուրեր կունենանք»,- ասում է Համբարյանը:
Իսկ այն հարցին, թե ինչպիսի ազդեցություն կունենա դաշնային իշխանությունների վրա նահանգային մակարդակով Հայոց ցեղասպանության ճանաչումը, ներկայացուցիչ Սեմֆորդը ասում է.
«46 նահանգների կողմից ճանաչումն ուղերձ է դաշնային իշխանություններին, որ այն ևս պետք է անի նույնը»,- ասում է ներկայացուցիչ Սեմֆորդը:
Այս պահի դրությամբ Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևեր ընդունվել են ԱՄՆ-ի նահանգային բոլոր օրենսդիր մարմիններում բացառությամբ Այովա, Ինդիանա, Միսիսիպի և Ալաբամա նահանգների, ինչպես նաև Վաշինգտոն մայրաքաղաքի, որը վարչական առումով հայտնի է որպես Կոլումբիայի շրջան: