Մահացել է «The Promise» ֆիլմի երգի հեղինակ՝ աշխարհահռչակ ռոք երաժիշտ Քրիս Քորնելը

Աշխարհով մեկ երաժշտասեր հասարակությունը սգում է Քրիս Քորնելի մահը: 52-ամյա երաժշտի մահը ցնցել է թե՛ նրա երկրպագուներին, թե՛ ընկերներին և թե՛ ընտանիքի անդամներին, ում կարծիքով նրա մահը դեղամիջոցի կողմնային ազդեցության հետևանք է:

«Եթե ոչինչ չունենայի բացի կրակից փրկված քո լուսանկարները: Դա կլիներ այն ամենը ինչի կարիքը ես երբևէ կունենայի, քանի դեռ ի վիճակի կլինեի կարդալ թե ինչ է գրված քո դեմքին”: Այս բառերով է սկսվում աշխարհահռչակ ռոք երաժիշտ Քրիս Քորնելի երգը՝ գրված «The Promise» ֆիլմի համար:

Քորնելի միլիոնավոր երկրպագուները այսուհետև ստիպված կլինեն իրենց սիրելի երաժշտին հիշել երաժշտության ոլորտում նրա թողած հսկայական ժառանգության միջոցով:

Քրիս Քորնելը, ով աշխարհում հայտնի էր որպես «Soundgarden» և «Audioslave» ռոք խմբերի գլխավոր վոկալիստ, մահացել է մայիսի 17-ին Դեթրոյթում:

Բժիշկը հաստատել է, որ 52-ամյա երաժիշտը համերգից հետո հյուրանոցի սենյակում ինքնասպանություն է գործել’ իրեն կախելով:

Հազարավոր երկրպագուներ և ընկերներ իրենց վիշտը կիսել են Ինսթագրամի միջոցով:

«The Promise» ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Էսրայելյանը գրել է,- «Իմ մեծ եղբայր, քեզ արդեն այնքան եմ կարոտում: Դու այնքան հպարտ էիր այն օրը, երբ ձայնագրեցիր մեր ֆիլմի համար ստեղծած քո գլուխգործոցը: Դու այդ ամենի մի մասն էիր հենց առաջին օրվանից...»

Իսկ «System of a Down» խմբի վոկալիստ Սերժ Թանկյանը գրել է,- «Մենք խորապես ցնցված ենք մեր ընկեր Քրիս Քորնելի մահվան լուրը ստանալով: Մի քանի շաբաթ առաջ միասին նստած զրուցում էինք երաժշտության մասին… կյանքը կատակ է: Քո կյանքն ու երաժշտությունը անջնջելի ազդեցություն են թողել ինձ վրա...»

Երգիչ երգահան Սթինգը գրել է,- «Աղմուկի և ստի մեջ թաղված աշխարհում՝ Քրիսը գեղեցիկ մարդ էր, ով գեղեցիկ ձայնով երգում էր իր ճշմարտությունը: Նա իսկապես արևն էր՝ Սև անցքում»:

Քորնելի ընտանիքը հայտարարել է, որ իրենք պատրաստ չեն ընդունել բժշկի այն եզրակացությունը, թե նա գիտակցաբար վերջ է դրել իր կյանքին: Նրա կնոջ՝ Վիքի Կարայիաննիսի խոսքերով, երբ համերգից հետո ինքը զրուցել էր ամուսնու հետ, վերջինս ասել էր, որ կարծես թե «Ativan» դեղամիջոցի մեկ երկու հաբ ավել էր ընդունել: Քորնելի բժիշկը նրան հակադեպրեսիոն «Ativan» դեղամիջոցն էր նշանակել, որը կարող է քնկոտություն և գլխապտույտ առաջացնել:

Երգչի ընտանիքը հավատացած է, որ նա գիտակցաբար չի խլել սեփական կյանքը, այլ եղել է դեղամիջոցի ազդեցության տակ:

Մինչ Քորնելի ընտանիքի անդամները սպասում են դիահերձման եզրակացությանը, նրա երկրպագուները ծաղիկներ են զետեղում երգչի ծննդավայր Սիեթլում գտնվող «Sound Garden» զբոսայգում: Իսկ նահանգի խորհրդանիշը հանդիսացող «Space Needle» աշտարակի լույսերը մարել են’ նրան հարգանքի տուրք մատուցելով:

Your browser doesn’t support HTML5

Մահացել է «The Promise» ֆիլմի երգի հեղինակ՝ աշխարհահռչակ ռոք երաժիշտ Քրիս Քորնելը