«Ի պաշտպանություն քրիստոնյաների» կազմակերպությունը Վաշինգտոնում նախաձեռնել էր փակ քննարկում, որը նվիրված էր Սիրիայում անվտանգության գոտիների ստեղծման մարտահրավերներին: Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենք Փալոնի կարծիքով կարևոր է, որ Հայաստանը նույնպես ճանաչվի որպես անվատնգության գոտի:
Սիրիայում շարունակվող քաղաքացիական պատերազմի վերջին վեց տարիներին զոհվել է ավելի քան երեք հարյուր հազար մարդ: Միլիոնավոր մարդիկ տարհանվել են իրենց տներից և դարձել անապաստան:
Պատերազմը սկսվելուց ի վեր Լիբանանը շարունակում է հսկայական աջակցություն ցուցաբերել սիրիացի փախստականներին՝ իրականացնելով մարդասիրական լայնամաստշաբ ծրագրեր, սակայն սիրիական ճգնաժամը լուրջ ներքաղաքական խնդիրներ է առաջ բերել Լիբանանում, որտեղ փախստականների ընդհանուր թիվն այսօր գերազանցում է բնակչության մեկ երրորդը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը վերջերս հայտարարել էր Սիրիայում անվտանգ գոտիների ստեղծման անհրաժեշտության մասին, որը կապահովի խաղաղ բնակչության անվտանգությունը:
«Ի պաշտպանություն քրիստոնյաների» կազմակերպության Վաշինգտոնում նախաձեռնած փակ քննարկումը նվիրված էր անվտանգության գոտիների ստեղծման մարտահրավերներին: Մերձավոր Արևելքի անվտանգության նախագծի գլխավոր վերլուծաբան Քրիս Հարմերի խոսեքերով.
«Նախաձեռնության գաղափարը միտված է Սիրիայում մարդասիրական անվտանգ գոտիների ստեղծմանը, ինչը կնպաստի փախստականների հոսքի նվազեցմանը: Այս պահին դեռևս հստակ ժամանակացույց չկա: Ես և շատ մարդիկ երկար ժամանակ խոսել ենք անվտանգ գոտիների ստեղծման կարևորության մասին, դեռ պատերազմի սկզբից, երբ մենք տեսանք, թե ինչպես է Ասադի վարչակարգը նպատակաուղղված, հատուկ ռազմավարությամբ վերացնում առողջ ընդդիմադիր ուժերին՝ ստիպելով նրանց հեռանալ երկրից: Դա Ասադին հաջողվեց, քանի որ նրան սատարեցին Ռուսաստանը, Իրանը և Հեզբոլահը: Եթե մենք չաջակցենք խաղաղ բնակչությանն ու փախստականներին, ԴԱԵՇ-ն ու այլ արմատական ահաբեկչական կազմակերպություններ ավելի կամրապնդեն իրենց դիրքերը»:
Վաշինգտոնի Մերձավոր Արևելքի քաղաքականության ինստիտուտից Ֆաբրիս Բալանշը վատատեսորն է տրամադրված անվտանգության գոտիների ստեղծմանը և կարծում է, որ այն իրատեսական չէ, քանի որ, ասում է նա, Ասադի վարչակարգը ներկայումս հաղթում է Սիրայում պատերազմը Իրանի և Ռուսաստանի օգնությամբ, և Արևմուտքը չունի բավականին ծանրակշիռ դիրք անվտանգ գոտիների ստեղծման համար.
«Հնարավոր է առաջ գան առճակատումներ Ռուսաստանի հետ հատկապես լարվածության նվազեցման այս շրջանում: Եվ բացի այդ, անվտանգության գոտիների ստեղծումը ապստամբների կողմից վերահսկվող տարածքներում իրատեսական չէ, քանի որ դրանք վերահսկվում են Ալ Նասրայի/ Ալ Քաիդայի կողմից: Իհարկե, կարելի է տարածքները մաքրել նրանցից։ Մենք դա էլ ենք փորձել, բայց առայսօր ոչ մի հաջողություն չի գրանցվել ու այդ ուղղությամբ բոլոր ջանքերը եղել են ապարդյուն»:
Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենք Փալոնի կարծիքով կարևոր է, որ Հայաստանը նույնպես ճանաչվի որպես անվատնգության գոտի:
«Հաշվի առնելով, որ պատերազմը Սիրիայում դեռ չի ավարտվել, ու եթե մեզ հաջողվի 40 միլիոն դոլարի հատկացում անել փախստականներին ապաստան հատկացնելու համար, ապա Հայաստանը նույնպես կարող է համարվել անվտանգ գոտի և Հայաստանի կառավարությունը պատրաստակամ է»:
Պաշտոնական տվյալներով՝ Հայաստանը Սիրիայում քաղաքացիական պատերազմը սկսվելուց ի վեր ընդունել է մոտավորապես 17,000, իսկ ոչ պաշտոնական տվյլաներով՝ շուրջ 25,000 փախստական՝ Հայաստանը դարձնելով, բնակչության թվի հարաբերակցությամբ, սիրիացի փախստականներ ընդունած երրորդ պետությունը Եվրոպայում: