Սիրիայի կառավարական զորքերը շարունակում են վերահսկողության տակ վերցնել մայրաքաղաք Դամասկոսի տարածքը: Պետական լրատվամիջոցների և ականատեսների պնդմամբ, զինյալներն իրենց ընտանիքներով լքում են մայրաքաղաքի արվարձաններն այն բանից հետո, երբ կառավարական զորքերը գրավեցին Քաբունի շրջանը:
Ասադի ուժերը չեն խոչընդոտում էվակուացման գործընթացին: Նախկինում ձեռք բերված համաձայնության համաձայն զինյալներին տրվում է հնարավորություն անվտանգ տեղափոխվել Թուրքիայի սահմանին ընդդիմության վերահսկողության տակ գտնվող տարածքներ:
Շուրջ 2000 ընդդիմադիր զինյալներ իրենց ընտանիքներով հեռացել են Դամասկոսի հյուսիս-արևելյան շրջաններից դեպի ընդդիմության վերահսկողության ներքո գտնվող Իդլիբի շրջան: Փոխարենը, պայմանավորվածության համաձայն, կառավարական զորքերը դադարեցրել են երկու ամիս տևած ռմբակոծումները:
Կառավարական ուժերը մի քանի ամիս է շարունակում են ճնշում գործադրել՝ Դամասկոսի հյուսիսային և արևելյան շրջանները գրավելու համար: Փորձագետները նշում են, որ դա նրանց հաջողվեց միայն այն բանից հետո, երբ հայտնաբերվեցին և ոչնչացվեցին ստորգետնյա թունելները, որոնք միմյանց հետ են կապում տարբեր շրջաններ:
2013 թվականից ի վեր սա առաջին անգամ է, որ Սիրիայի մայրաքաղաքի ողջ տարածքը գտնվում է կառավարական ուժերի վերահսկողության ներքո: Արևելյան Գհուտայի շրջանը մնում է ընդդիմադիր զինյալների վերահսկողության տակ գտնվող մայրաքաղաք Դամասկոսին ամենամոտիկ տարածքը:
Միևնույն ժամանակ, Սիրիայի հյուսիսում շարունակվում են բախումները քրդական զորքերի ու Դաեշ-ի զինյալների միջև: