Առնվազն 21 հանքագործ է զոհվել Իրանի Գոլեստանի նահանգի ածխահանքում

Իրանի Գոլեստան նահանգի ածխհանքում շարունակվում են պայթյունի հետևանքով հանքում փակված հանքագործներին փրկելու, և տուժածներին օգնություն տրամադրելու աշխատանքները:

Չորեքշաբթի օրը Իրանի Գոլեստանի նահանգի ածխահանքում տեղի ունեցած խոշոր պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 21 մարդ, տուժել՝ մոտավորապես 30-ը :

Իրանի պետական հեռուստաընկերության մաս հանսիացող անգլալեզու Press TV-ին հաղորդել է, որ մայիսի 3-ին ուժգին պայթյունը տեղի է ունեցել Ազադշահր քաղաքի մերձակա «Զամեստանե Յուրտ» ածխահանքում, որտեղ դեռ արգելափակման մեջ են գտնվում շուրջ 14 հանքագործներ:

«Մենք հույս ունենք, որ թթվածինը, որը ներարկել ենք թունելում տեղ կհասնի այս պահին հանքում արգելափակման մեջ գտնվող շուրջ 25-26 հանքագործներին և հույս ունենք նրանց այնտեղից դուրս հանել առողջ ու անվնաս: Այս պահին փրկարարական գործողությունները շարունակվում են: Մայրաքաղաքից ժամանած Կարմիր մահիկի աշխատողներն ու այլ մասնագետներ անում են հնարավորինս հանքափորներին այնտեղից արագորեն դուրս բերելու համար», -նշել է Գոլեստանի Կարմիր Մահիկ-ի տնօրեն Հոսեյն Ահմադին:

Իրանի արտակարգ իրավիճակների վարչությունը հայտնում է, որ ածխահանքի երկու տարբեր հատվածներում արգելափակման մեջ են գտնվում շուրջ 80 հանքագործներ:

Նախնական տվյալներով՝ պայթյունի պատճառ է դարձել թույլատրելի նորմերը գերազանցող մեթանի կուտակումը: