Կոնգրեսականներ Սալուդ Քարբահալն ու Աննա Էշյուն՝ Հայոց ցեղասպանության մասին

Your browser doesn’t support HTML5

Հայոց ցեղասպանության տարելիցից հետո ՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ը հարցազրույցներ անցկացրեց ԱՄՆ-ի մի քանի կոնգրեսականների հետ։
Ներկայացնում ենք Սալուդ Քարբահալի ու Աննա Էշյուի հետ հարցազրույցներից հատվածներ
։

՝՝Ինչու՞ միացա ԱՄՆ-ի Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովին։ Որովհետեւ, ունենալով հայ բազմաթիվ ընկերներ, տեղեկանալով Հայոց ցեղասպանության մասին ու իմանալով այն տառապանքները, որոնք կրել է հայ ժողովուրդը, պարտավորված զգացի իմ ձայնը միացնելու բոլոր նրանց, ովքեր բարձրաձայնում են Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կարեւորությունը։ Բարձրաձայնելու, որ հանցագործություն է իրականացվել ընդդեմ մարդկության՛՛։

Այս մասին ՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ի հայկական ծառայության հետ հարցազրույցում ասում ԱՄՆ-ի կոնգրեսական Սալուդ Քարբահալը։

՝՝Եվ այդ հարցը պիտի բարձրացնեն, ոչ միայն պատմաբանները, ինչպես պնդում են շատերը, այլ նաեւ քաղաքական գործիչները եւ ընդհանրապես բոլորը՛՛։

Իսկ եթե լուռ մնանք, ասում է նա, պատմությունը կկրկնվի ու կկրկնվի այլոց նկատմամբ եւս, ասում է կոնգրեսականը։

՝՝Ես ինքս այս երկիր եմ եկել որպես փախստական, եւ լավ եմ հասկանում բոլոր փոքրամասնություններին։ Մեծապես եմ գնահատում այս երկրի բարգավաճման գործում նրանց ու այդ թվում հայկական համայնքի ներդրումները՛՛, ասում է Սալուդ Քարբահալը։

Այս միտքն է կիսում կոնգրեսական Աննա Էշյուն, ում խոսքերով, ինքը հպարտ է հայ ու ասորի ծնողների զավակ լինելու համար, որոնք միացել են մյուսներին՝ Ամերիկայի միսն ու արյունը կազմելու համար։

՝՝Մենք եկել ենք այս երկիր, այս երկրում մեր ներդրումը կատարելու համար։ Հայկական համայնքն ընտանիքների ամրությամբ, աշխատասիրությամբ ու միասնականությամբ իր մեծ ավանդն է ներդրել Ամերիկայում։ Ես շատ հպարտ եմ իմ արմատների համար՛՛։

Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության տարելիցին, Աննա Էշյուն ասում է, որ պատմությունն այսօր էլ կրկնվում է հատկապես Մերձավոր Արեւելքում, որտեղ մարդիկ ջարդի են ենթարկվում նախ եւ առաջ իրենց հավատքի համար։

՝՝Ու դրա պատճառը նախկին Ցեղասպանությունը չճանաչելու հանգամանքն է։ Իսկ դրա համար հարկավոր է, որ այդ ուղղությամբ աշխատանքներին զարկ տան Ամերիկայի հայկական կազմակերպությունները, Հայաստանի Հանրապետությունը։ ԱՄՆ-ի Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովը, այդ ամենի վրա հենվելո՛վ, նոր թափ կհաղորդի իր ջանքերին՛՛։

Աննա Էշյուի խոսքերով, նախագահ Դոնալդ Թրամփը լի է անսպասելի քայլերով։ Ու նաեւ դրանով է բացատրվում Հայոց ցեղասպանության տարելիցի օրը նրա կողմից հրապարակված հայտարարությունը։

՝՝Մեծաթիվ նախագահներ են թեկնածու եղած ժամանակահատվածում տվել ընտրվելու դեպքում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու խոստումներ, սակայն ընտրվելուց հետո՝ հիասթափեցրել։ Ու քանի որ Թրամփը նախկինում երբեք չէր խոսել Ցեղասպանության մասին, բայց հանդես եկավ հայտարարությամբ, ինչ որ հույս է ներշնչում, որ հայկական հարցերով հանձնաժողովի աշխատանքների շնորհիվ հնարավոր կդառնա առաջընթաց ներշնչել վարչակազմում՛՛։

Կոնգրեսականը հուսով է, որ իր խոսքերով ասած, իրենց կհաջողվի վարչակազմին ՝՝հասցնել այնտեղ, որտեղ այն պիտի արդեն լիներ՛՛։

Ցեղասպանության ցավն անցնում է սերնդից սերունդ։ Իսկ դժվար օրերին ցուցաբերված օգնությունը երբեք չի մոռացում, ասում է կոնգրեսական Աննա Էշյուն՝ հիշելով Սիրիայում հայ գաղթականներին եւ այսօր Հայաստանում Սիրիայի փախսականներին ընդունելու փաստը ու շեշտում այս հարցում Հայաստանին ԱՄՆ-ի կողմից օժանդակություն հատկացնելու կարեւորությունը։