Փիթ Թափսքարը ծնվել է Հնդկաստանում դժվար սոցիալական պայմաններում: Այսօր նա աշխատում է ԱՄՆ-ում որպես ծրագրավորող ի շնորհիվ H1B վիզայի:
Այսօր նա արդեն ԱՄՆ-ի քաղաքացի է և 15 տարի աշխատել է ProSoft ընկերությունում՝ ղեկավարելով ներգաղթյալների հետ կապված ծրագրերը: Նա ասում է, սակայն, որ միշտ չէ, որ ներգաղթյալներին աշխատանքի վերցնելն արդարացված է:
«Ամերիկացի աշխատավորին ընդունելն ավելի քիչ ծախսատար է, քանի որ օտարերկրյա աշխատողը ստիպված է անցնել H1B վիզայի երկարատև գործընթացը: Այդ ընթացքում կարող է փոխվել պահանջարկը»,- ասում է Թափսքարը:
Սակայն առկա է նաև բավարար քանակությամբ որակյալ ամերիկացի աշխատավորների խնդիր:
«ԱՄՆ-ի աշխատանքի նախարարության տվյալներով այսօր 1,4 միլիոն թափուր աշխատատեղ կա ծրագրային ապահովման ոլորտում միայն: Համապատասխան գիտելիքի պակասն ակնհայտ է»,- ասում է Envoy Global ընկերության ղեկավար Ռիչարդ Բերքը։
Envoy Global ընկերության ղեկավար Ռիչարդ Բերքն ասում է, որ բավարար քանակությամբ ամերիկացիներ չեն ստանում համապատասխան կրթություն և գիտելիքներ մեծ պահանջարկ ունեցող աշխատանքներում, հատկապես ինժեներական, գիտական, տեխնոլոգիաների զարգացման ասպարեզներում: Բացի այդ, այս ոլորտներում տարեկան 300 հազար շրջանավարտ ուսանողներից շատերը կրթություն ստանալուց հետո հեռանում են Միացյալ Նահանգներից, քանի որ, ըստ Բերքի, համապատասխան պայմաններ ստեղծված չեն նրանց համար: Նա հույս ունի, որ նախագահ Թրամփի հրամանագիրը H1B ծրագրի վերանայման մասին կմեծացնի տարեկան տրամադրվող վիզաների քանակը:
«Այսօր աշխատանքային շուկան չափազանց ճկուն է: Ընկերություններն ասում են, որ եթե նրանք չկարողանան այստեղ գտնել համապատասխան աշխատողներ, ապա կտեղափոխեն բիզնեսն արտասահման»,- ասում է Բերքը:
Եվ դա այն է, ինչը տեղի ունեցավ Փիտ Թափսքարի հետ, ում ընկերությունում զբաղեցրած հաստիքը տեղափոխվեց Հնդկաստան: Վերջինս ևս աջակցում է նախագահ Թրամփի հրամանագիրը՝ H1B ծրագրի վերանայման մասին, սակայն նա մտահոգված է, որ այդ վիզաների մեծ մասը բաժին է հասնում խոշոր ընկերություններին, որոնք վճարում են բարձր աշխատավարձեր: