ԱՄՆ-ի հետախուզության պաշտոնյաները հունվարի 10-ին առաջին անգամ Սենատում վկայություն տվեցին անցած տարի ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Ռուսաստնի միջամտության շուրջ:
«Մենք խորին համոզմունք ունենք, որ նախագահ Պուտինը հրաման էր տվել ազդել 2016 թվականի ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների ընթացքին: Այս արշավն ուներ ԱՄՆ-ում ժողովրդավարական ընտրությունների անցկացման շուրջ հանրության հավատի թուլացնելու, նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի վարկանիշը վնասելու և նախագահ դառնալու նրա հնարավորությունը խոչընդոտելու նպատակներ: Պուտինն ու Ռուսաստանի կառավարությունը նախագահի պաշտոնում ակնհայտորեն գերադասում են տեսնել Թրամփին»,- ասել է Ազգային հետախուզական ծառայության նախկին տնօրեն Ջեյմս Քլափփերը:
Վաշինգտոնի ամենաաղմկահարույց սկանդալը լի է մեղադրանքներով սակայն՝ ոչ պատասխաններով:
Սենատի լսումներին հաջորդել են Ազգային անվտանգության հարցերով Թրամփի խորհրդականի հրաժարականը, ինչպես նաև գլխավոր դատախազի ու Ներկայացուցիչների պալատի հետաքննությունների հարցերով հանձնաժողովի նախագահի եզրակացությունները:
Այնուհետև Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրենը հաստատել է շատերի կողմից արդեն քննարկվող այն կասկածը, թե բյուրոն հետաքննություն էր սկսել Ռուսաստանի դեմ անցած հուլիսին:
«Արդարադատության նախարարության կողմից թույլտվություն եմ ստացել հաստատելու, որ Հետաքննությունների դաշնային բյուրոն հետաքննում է 2016 թվականի ԱՄՆ-ի նախագահի ընտրությունների ընթացքի վրա ազդելու Ռուսաստանի ջանքերը ։ Այն ներառում է Թրամփի ընտրարշավին մասնակցող բոլոր անձանց և Ռուսաստանի միջև կապի հետաքննումը»,- ասել է Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Ջեյմս Քոմին:
Ինչպես և այլ հակահետախուզական հետաքննությունների ժամանակ, այս դեպքում էլ Հետաքննությունների դաշնային բյուրոն փորձում է պարզել, թե արդյոք օրենքի խախտումներ են տեղի ունեցել:
Նախագահ Թրամփն էլ իր հերթին հերքել է Ռուսաստանի հետ կապի մասին բոլոր մեղադրանքները, փոխարենը ուշադրությունը շեղել դեպի գաղտնալսումների հետ կապված Օբամայի վարչակազմի սկանդալը:
«Այդ ամենը սուտ է: Կեղծ լրատվություն»,- ասել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը:
Սակայն դատախազ Ռիչարդ Բեմիվանիստայի խոսքերով, Թրամփի շուրջ տարվող հետաքննությունը բավականին լուրջ է:
Նա ասում է,- «Այն ընդգծում է մեր և այլ երկրների ժողովրդավարության խոցելիությունը՝ հաքերների, ապատեղեկատվության և շատ այլ միջամտությունների հանդեպ»:
ԱՄՆ-ի օրենսդիրները ցանկանում են պարզել ճշմարտությունը, որքան էլ, որ այն ժամանակ պահանջի։
«Թույլ տվեք ասել, որ Սենատի հանձնաժողովի առաքելությունը ԱՄՆ-ի 2016 թվականի նախագահական ընտրություններում Ռուսաստանի բոլոր հնարավոր միջամտությունները և ազդեցությունը ուսումնասիրելն է»,- ասում է Սենատի հետաքննությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Ռիչարդ Բուրրը:
Սենատի հետաքննությունների հարցերով հանձնաժողովն այն հինգ մարմիններից մեկն է, որոնք լսումներ են անցկացրել ռուսական ազդեցության շուրջ:
Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովն ուշադրության կենտրոնում է հայտնվել, երբ դրա նախագահ Դևին Նունիեսը հրաժարական է տվել, դասակարգված փաստաթղթեր հրապարակելու մեղադրանքից հետո:
Պատասխանների փնտրտուքում հանձնաժողովի յոթ մասնագետներ ուսումնասիրում են հազարավոր դասակարգված հետախուզական փաստաթղթեր: Հանձնաժողովը պատրաստվում է հարցեր ուղղել քսան վկաների, որոնց թվում է Թրամփի փեսան՝ նրա գլխավոր խորհրդական Ջարեդ Քուշները:
Հետաքննությունների դաշնային բյուրոն հետաքննությունն իրականացնում է նահանգային երկու կենտրոններում և Վաշինգտոնում գտնվող գլխավոր գրասենյակից, որոնց գործողությունները կոորդինացնելու համար պարբերաբար հանդիպումներ են կազմակերպում: Բյուրոն հրաժարվել է «Ամերիկայի Ձայն»-ին որևէ մեկնաբանություն տալ հետաքննության վերաբերյալ:
Անցած ամիս Բյուրոյի տնօրենին հարցրել էին, թե որքա՞ն կարող է տևել նման հետաքննությունը:
«Իրականում անհնար է հետաքննությանը որևէ ժամկետ տալ»,- պատասխանել էր վերջինս:
Your browser doesn’t support HTML5
Սակայն դատախազ Բեմիվանիստայի խոսքերով, հետաքննությունը կարող է ձգվել մինչև մյուս տարի:
«Դա կախված է վկաների համագործակցությունից և հետաքննիչների աշխատանքին խոչընդոտող տարբեր էլեկտրոնային միջամտություններից: Դա միանշանակ մի քանի ամսվա գործընթաց չէ»,- ասում է նա:
Համեմատության համար նշենք, որ 1970 –ականներին անցկացված Ուոթերգեյթի հետաքննությունը տևել է երկու, 1980-ականների Իրան Կոնտրա հետաքննությունը՝ վեց տարի: