Կիրակի՝ ապրիլի 16-ին, Թուրքիայում հանրաքվեի կդրվի սահմանադրական բարեփոխումների փաթեթը: «Այո»-ի դեպքում պառլամենտական Թուրքիան կդառնա նախագահական, և կավելանան Էրդողանի լիազորությունները:
Ստամբուլի բնակչությունը, որը կազմում է Թուրքիայի ընդհանուր ընտրազանգվածի 1/5-րդ տոկոսը, կարող է վճռորոշ դեր ունենալ առաջիկա հանրաքվեի արդյունքների վրա:
Չնայած «Այո»-ի և «Ոչ» կողմնակիցների երկուստեք ակտիվ քարոզարշավին ու ջանքերին՝ հարցումների համաձայն, մարդկանց մեծամասնությունն այսօր կողմ է Թուրքիայում սահմանադրական բարեփոխումներին:
Ստամբուլի կենտրոնում՝ Բեշիկթաշ թաղամասում, այսօր էլ «Այո»-ի և «Ոչ»-ի կողմնակիցները հանդես էին գալիս երկու տարբեր ցույցերով:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարել է, որ «դեմոկրատական պայքարը շարունակվելու է՝ անկախ սադրանքներին և ճնշումներին», իսկ ըդդիմության համոզմամբ, Էրդողանը այս քայլին գնալով ընդամենը ցանկանում է ավելացնել իր լծակներն ու ամրապնդել իր իշխանությունը:
Եվրոպայի խորհրդի վենետիկյան հանձնաժողովի փետրվար ամսվա զեկույցը Էրդողանի հանրաքվեի անցկացման այս որոշումը որակել էր դեպի հետընթաց տանող վտանգավոր քայլ, որը կհեռացնի Թուրքիային ժողովրդավարական ավանդույթներից, ինչպես նաև՝ անդրադարձել Թուրքիայում մամուլի ազատության, անկախ դատաիրավական համակարգի և քաղաքացիական հասարակության ապագային առնչվող խնդիրներին:
Հանրաքվեի ակտիվ ընդդիմախոսներից, Թուքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը, ինչպես նաև նրա հարյուրավոր համախոհներ 2016թ.-ի նոյեմբեր ամսից գտնվում են Թուրքիայի Էդիրնեի և այլ բանտերում: Դեմիրթաշը վերջերս հացադուլ է սկսել,քանի որ նրան զրկել են արտաքին աշխարհի հետ հաղորդակցության բոլոր միջոցներից, ինչպես նաև՝ ի նշան բանտային դաժան պայմանների:
HDP-ի համանախագահ Դեմիրթաշի դեմ հարցուցվել է մի քանի դատական գործ, մնասնավորապես ՝ «Հանրահավաքների, ցույցերի, երթերի կանոնները խախտելու», «Ժողովրդին ատելության և թշնամության դրդելու» մեղադրանքներով: