Ամերիկյան վերլուծաբաններն ընդհանուր առմամբ դրական են գնահատում Հայաստանի խորհրդարանական ընտրությունները

A woman walks past election posters on March 29, 2017 in Yerevan, ahead of April 2 parliamentary elections.

Ամերիկյան վերլուծաբանները շարունակում են քննարկել Հայաստանում քաղաքական վերջին զարգացումները: Կարնեգի հիմնադրամի փորձագետ Փոլ Ստրոնսկու կարծիքով ընտրություններում եղան ինչպես դրական, այնպես էլ բացասական երևույթներ:

Վերլուծաբանը ընդհանուր առմամբ լավատես է տրամադրված Հայաստանի քաղաքական ապագայի վերաբերյալ՝ հաշվի առնելով անցումը խորհրդարանական համակարգի, սակայն առկա են նաև խնդիրներ:

«Հայաստանի քաղաքականությունն ավելի շատ կապված է անձերի և դաշինքների ակտիվության, քան ծրագրերի վերաբերյալ քննարկումների հետ: Հույս ունեմ, որ գրանցվող առաջընթացն առաջնային կդարձնի գաղափարները, ինչը կօգնի ստեղծելու ավելի արդյունավետ և ժողովրդավար համակարգ»,-ասում է վերլուծաբանը:

Ստրոնսու կարծիքով երկրի առջև գոյացել են բազմաթիվ տնտեսական և անվտանգության խնդիրներ և ձևավորվող նոր համակարգում իշխող կուսակցությունը կունենա շատ մարտահրավերներ:

Նա հույս հայտնեց, որ Հայաստանի քաղաքական դաշտում տեղի ունեցող սերնդափոխությունը, ինչպես ընդդիմության, այնպես էլ իշխանության շարքերում, դրական ազդեցություն կունենա հետագա զարգացումների վրա:

Հայաստանի համար տարածաշրջանային ամենակարևոր խնդրի՝ ղարաբաղյան հակամարտության առումով Փոլ Ստրոնսկին ավելի քիչ լավատես է:

«Ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունն առկա է, և դա ինձ չափազանց մտահոգում է կայունության ու անվտանգության պահպանման առումով Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և ամբողջ տարածաշրջանի համար»,- ասում է փորձագետը:

Ղարաբաղյան հակամարտության լարվածության վերսկսման առումով «Ամերիկայի Ձայնին» իր մտահոգությունը հայտնեց նաև ամերիկյան մեկ այլ վերլուծաբան, Ռիչարդ Կազլյարիչը:

«Կարծում եմ, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը տարածաշրջանի ամենակարևոր խնդիրն է: Ես չափազանց մտահոգված եմ 2017 թվականին ռազմական գործողությունների վերսկսման հավանականությամբ»:

Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպանը գտնում է, որ դեռևս վաղաժամ է խոսել ղարաբաղյան հակամարտության վրա Հայաստանի և Ադրբեջանի ներքաղաքական զարգացումների ազդեցության մասին:

«Հայաստանը կիսանախագահականից շարժվում է դեպի խորհրդարանական համակարգ, Ադրբեջանը՝ դեպի ծայրահեղ նախագահական: Հետաքրքիր կլինի հետևելու, թե ինչպես են այս փոփոխությունները ազդում ղարաբաղյան բանակցություններում երկրների բանակցելու կարողությունների վրա»:

Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունները դեսպան Կազլյարիչի կարծիքով ընդհանուր առմամբ արտացոլում են ընտրողների կամքը՝ չնայած գրանցած ընտրախախտումների, որոնք, ինչպես կարծում է դեսպանը, չեն ազդել ընտրությունների արդյունքների վրա: Նա ևս գտնում է, որ գլխավոր մարտահրավերներն առջևում են՝ տնտեսության զարգացման և անվտանգության ապահովման ոլորտներում: