Միացյալ Նահանգների նոր վարչակազմի հետաքրքրությունը Հարավային Կովկասի նկատմամբ կարող է վերականգնվել, «Ամերիկայի Ձայն»-ին ասել է ԱՄՆ-ի նախկին դեսպան, Ատլանտյան խորհրդի վերլուծաբան Ջոն Հերբսթը:
Նրա խոսքով, Վաշինգտոնում անցած Վրաստանի արտգործնախարարի հանդիպումները վկայում են այն մասին, որ Միացյալ Նահանգների քաղաքականությունը Վրաստանի նկատմամբ լիովին վերականգնվել է: Նույնը կարող է վերաբերել տարածաշրջանի մյուս երկրներին, այդ թվում՝ Հայաստանին.
«1990-ականներին ԱՄՆ-ում Հայաստանի նկատմամբ մեծ հետաքրքրություն կար, որն այնուհետեւ սկսեց նվազել»:
Դեսպան Հերբսթի խոսքով, Հայաստանը, որը Խորհրդային Միության առաջատարների շարքում էր գտնվում, ունի իրականում զարգացման մեծ ներուժ.
«Խորհրդային Միության օրերին Հայաստանն ամենաստեղծագործ, տնտեսապես ամենազարգացած երկրներից մեկն էր: Այնտեղ կար, եթե ոչ ժողովրդավարություն, ապա՝ գոնե ազատ կյանք, որքանով դա հնարավոր էր խորհրդային պայմաններում»:
Հայաստանի հետագա զարգացման հեռանկարները կախված են ղարաբաղյան խնդրի կարգավորման հեռանկարներից, համոզված է վերլուծաբանը.
«Հայաստանը պետք է գիտակցված ընտրություն կատարի: Ապագա զարգացման համար պետք է որեւէ փոխզիջման գալ Ադրբեջանի հետ»:
Նույն ուղերձը Ջոն Հերբսթի խոսքով, կարելի է հասցեագրել ադրբեջանական կողմին.
«Բաքվում կան շրջանակներ, որոնք նույնպես հետաքրքրված չեն լուրջ փոխզիջման մեջ»:
Մեկ այլ վերլուծաբան, Ռուսաստանի եւ Եվրասիայի անվանի մասնագետ Ֆրեդերիք Սթարը, ով մեծապես տպավորված էր ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Գրիքոր Հովհաննիսյանի հետ հանդիպումից, նշեց, որ հիմնական հեռանկարային խնդիրը Հայաստանի մասնակցությունն է Արեւելքն Արեւմուտքի հետ կապող գլոբալ հաղորդակցման մայրուղիներում.
«Այսօր աշխարհում տեղի են ունենում կարեւոր, լուրջ, արմատական փոփոխություններ եւ դրանցից մեկն անցնում է հենց Կովկասի միջով»:
Եթե այսօր խոսքը գնում է Եվրոպան Չինաստանին կապելու մասին, ապա մեկ-երկու տասնամյակ անց ասպարեզ դուրս կգա նաեւ Հնդկաստանը.
«Ինչպե՞ս կարող է Հայաստանը միանալ Արեւելք-Արեւմուտք միջանցքին եւ կարեւոր դեր խաղալ դրա աշխատանքում»:
Սթարի խոսքով, գլոբալ ծրագրերին Հարավային Կովկասի բոլոր երկրների ներգրավումն այն գաղտնի հաղթաթուղթն է, որը միգուցե օգնի նաեւ խաղաղ ճանապարհով կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը: