Ռուսական ազգայնական քարոզչամեքենան ուժեղացրեց իր քարոզչությունը հատկապես Ղրիմի բռնակցման արդյունքում Արևմուտքի հետ հարաբերությունների լարվածության պատճառով: Ռուսաստանի իշխանությունները նաև հարվածի տակ են առել անկախ մամուլը, որի արդյունքում ռուս լրագրողների մի խումբ տեղափոխվել է Լատվիա:
«Քանի որ նման քարոզչությունը մարդկանց մատուցում է կեղծիքներ, մենք ցանկանում ենք մեր ընթերցողներին մատուցել իրական տեղեկատվություն»,- ասել է Գալինա Տիմչենկոն՝ Մեդուզա նախագծի հիմնադիրը:
Մերձբալթյան երկրներում ռուսական քարոզչությանը հակազդեցին ռուսական պետական լրատվամիջոցների հեռարձակման ժամանակավոր դադարեցմամբ և ռուս անկախ լրագրողների ընդունելությամբ:
«Ռուս այս լրագրողները, ովքեր հեռացել են Մոսկվայից, Սանկտ-Պետերբուրգից և ռուսական այլ քաղաքներից ու այստեղ են հիմնել իրենց լրատվամիջոցները, օգնում են հակազդելու այդ քարոզչությանը»,- ասել է Լատվիայի արտգործնախարար Էդգարս Ռինկքևիքսը:
Մեդուզա նախագիծը օգտագործում է հումորային ոճը ընթերցողներին իրենց մոտեցումները ներկայացնելու համար: Միևնույն ժամանակ Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում քաղաքական հումորային մեկ այլ նախագիծ «Hang In There» շոուն սկսել է հեռարձակել իր ռուսալեզու տարբերակը, ուր ծաղրում է ռուսական քաղաքական դաշտը:
Այս և նման նախագծերը թիրախավորում են ռուսական հասարակության այն շերտերը, հատկապես երիտասարդությանը, որոնք միանշանակ չեն հավատում ռուսական ազգայնական քարոզչամեքենային և քննադատաբար են մոտենում իշխանությունների գործունեությանը՝ դրանով հակազդելով Կրեմլի քարոզչությանը: