Մեր օրերում բարդ է պատկերացնել ինքնաթիռով Ճամփորդությունն առանց էլեկտրոնային սարքավորումների:
Աբու Դաբիից Ամիթա Դաթի խոսքերով, - «Մարդիկ ճամփորդելիս՝ հաճախ աշխատանքի բերումով օգտվում են համակարգիչներից, iPad-ներից և չեմ պատկերացնում ինչ պետք է անեն այս նոր արգելքի պարագայում»:
Ահաբեկչական խմբավորումներն էլեկտրոնային սարքավորումները երբեմն օգտագործում են որպես պայթուցիկներ: Վերջին դեպքը գրանցվել էր Սոմալի մեկնող օդանավում: Այս համատեքստում, Թրամփի վարչակազմը երեքշաբթի օրը հայտարարեց ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում նոր սահմանափակման մասին:
Սպիտակ տան մամլո խոսնակ Շոն Սփայսերի խոսքերով, - «Ըստ հետախուզական ծառայությունների՝ահաբեկչական խմբավորումները շարունակում են թիրախավորել կոմերցիոն ավիաընկերությունները՝ օգտագործելով նորագույն տեխնոլոգիաներն ու սարքավորումները ահաբեկչական գործողություններ իրականացնելու համար»:
Երեքշաբթի օրը բրիտանական կառավարությունը նույնպես հայտարարեց նմանատիպ սահմանափակման մասին: Ուղևորներն օդանավակայաններում ավելի խստացված ստուգումներ են անցնում:
Ինչևէ, անվտանգության հարցերով փորձագետները տեղին են համարում այս նոր սահմանափակումը:
«Ռենդ» ընկերությունից Դանիել Գերսթեյնը ասում է, - «Էլեկտրոնային սարքավորումների վերաբերյալ այս նոր սահմանափակումը անհնարին կդարձնի ահաբեկիչների կողմից այս ճանապարհով պայթուն իրականացնելու ծրագրերը»:
Ըստ նոր սահմանափակման՝ հյուսիսային Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի մի շարք երկրներից ԱՄՆ և Մեծ Բրիտանիա մեկնող ուղևորներին կարգելվի իրենց հետ օդանավ տանել էլեկտրոնային սարքավորումներ:
Նոր սահմանափակման արդյունքում ութ մահմեդական երկրներից՝Եգիպտոսից, Հորդանանից, Քուվեյթից, Մարոկկոյից, Քաթարից, Սաուդյան Արաբիայից, Թուրքիայից և Արաբական Միացյալ Էմիրություններից, դեպի ԱՄՆ և Մեծ Բրիտանիա ճամփորդող ուղևորների թռիչքները հավանաբար կլինեն երկար և ձանձրալի: