ՆԱՏՕ-ի ռազմական խումբը Լիտվայում գտնվում է Գերմանիայի ղեկավարության ներքո: Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումից հետո ՆԱՏՕ-ն համաձայնել է ուղարկել այստեղ հավելյալ զորքեր, ինչպես նաև Էստոնիա, Լատվիա և Լեհաստան՝ Ռուսաստանի հնարավոր ոտնձգությունը դիմակայելու համար:
«Մենք Նորվեգիայից ենք, Բելգիայից, Նիդերլանդներից: Բոլորս լավ պատրաստվածություն ենք անցել և պատրաստ ենք կանխել վտանգն ու պաշտպանել Լիտվան»,- ասում է Լիտվայում ՆԱՏՕ-ի զորախմբի հրամանատար, գնդապետ Քրիստոֆ Հուբերը։
Ռուսաստանը գնահատել է հավելյալ զորախմբի տեղակայումը որպես սպառնալիք, և նախատեսում է սեպտեմբերին ծավալուն զորավարժություններ անցկացնել Բելառուսում: Այս զորավարժություններն ու Ռուսաստանի կողմից ՆԱՏՕ-ի անդամ երկրների օդային սահմանների խախտումները մտահոգում են մերձբալթյան երկրներին:
«Մենք պաշտպանում ենք ՆԱՏՕ-ի օդային սահմանները ոչ միայն ռուսական, այլ նաև որեւէ ինքնաթիռից, որը կխախտի ընդունված օդային կանոնները»,- ասում է Բալթյան երկրների օդային սահմանները վերահսկող նիդերլանդական օդային զորամիավորման հրամանատար, մայոր Մարտինը:
Լիտվան իր հերթին ձեռնարկում է քայլեր՝ ռուսական հնարավոր հարձակումից ինքնուրույն պաշտպանվելու համար, որը ներառում է Կալինինգրադի հետ սահմանին պատնեշ կառուցելու նախաձեռնությունը: Պաշտոնական պատճառաբանությունն անօրինական սահմանային հատումների և անօրինական ապրանքաշրջանառության կանխումն է:
Կալինինգրադը սահմանակից է ՆԱՏՕ-ի անդամներ Լիտվային ու Լեհաստանին, որը դարձել է կարևոր ռազմական կենտրոն, ուր տեղակայված են Ռուսաստանի Բալթյան նավատորմն ու բալիստիկ հրթիռները: Այս ամենը մտահոգում է որոշ կալինինգրադցիների:
«Կալինինգրադը փոքր շրջան է, և շատ մարդիկ այստեղ մտահոգված են այս ամենով»,- ասում է Կալինինգրադի բնակիչ Եկատերինան:
Սակայն ոմանք էլ այլ կարծիքի են:
«Չեմ կարծում, որ որևէ մեկը կփորձի հարձակվել: Չեմ կարծում նաև, որ Եվրամիությունն ու ՆԱՏՕ-ն թշնամաբար են տրամադրված մեզ»,- ասում էԿալինինգրադի բնակիչ Իլյան:
Սակայն բալթյան երկրները դիմել են ՆԱՏՕ-ին՝ խնդրելով հավելյալ զորամիավորումներ ուղարկել այստեղ՝ Ռուսաստանի սեպտեմբերյան զորավարժությունների նախօրեին: