«Թրամփի և Ռուսաստանի» գործով 1-ին լսումը

Երկուշաբթի օրը անցկացվեց ԱՄՆ-ի 2016 թվականի նախագահական ընտրությունների ընթացքում Ռուսաստանի միջամտության գործով Ներկայացուցիչների պալատի հետաքննությունների հարցերով հանձնաժողովի առաջին լսումը, որի ընթացքում Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Ջեյմս Քոմին հերքեց նաև Թրամփին գաղտնալսելու վերաբերյալ աղմկահարույց մեղադրանքները:

Երկուշաբթի օրը մեկնարկեցին երկար սպասված լսումները:

Ինչպես ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Ջեյմս Քոմին հայտարարեց, «ԱՄՆ-ի Բյուրոն հետաքննում է ԱՄՆ-ի 2016 թվականի նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտության մանրամասները»։

Նրա խոսքերով, «Լսումներին կներկայացվի նաև գնահատական հանցանքի առկայության վերաբերյալ: Քանի որ սա բաց, շարունակական և գաղտնի հետաքննություն է, ես չեմ կարող ավելին մանրամասնել»:

Նոր մանրամասների բացահայտման տեսանկյունից, Քոմին հաստատեց, որ գաղտնալսման առնչությամբ Թրամփի թուիթերյան մեղադրանքները անհիմն են:

«Ես չունեմ որևէ տեղեկատվություն, որը կարող էր հիմնավորել այդ թուիթերյան հաղորդագութրույունները, իսկ մենք ծավալուն հետաքննություն ենք անցկացրել»:

Հանձնախմբի անդամ դեմոկրատները ուրախ էին այս հայտարարությամբ:

«Ստացվում է նախագահ Օբաման չէր կարող կարգադրել գաղտնալսել որևէ մեկին», - ասաց կոնգրեսական Շիֆը:

«Ոչ մի նախագահ չի կարող»,- հաստատեց Քոմին :

Սակայն այս պատասխանը սպառիչ չէր հանրապետականների համար, ովքեր գաղտնալսման շուրջ մեծ աղմուկ էին բարձրացրել դեռ 2016 թվականի նախընտրական քարոզարշավի ժամանակ:

«Միանգամայն հնարավոր է, որ նախագահ Թրամփին և նրա գործընկերներին այլ ճանապարհներով գաղտնալսած լինեին»:

«Կառավարության անդամները, տեղեկատվական արտահոսք ապահովելով, հանցանք են իրականացրել, և կարծում եմ նախագահը սխալ չէ գաղտնալսման վերաբերյալ»:

Ըստ Թրամփի՝ գաղտնալսուման թեման ամենաայժմեականն է այսօր:

Սա ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոյի՝Ռուսաստանի գործով հետաքննության առաջին հանրային լսումն էր, սակայն այս սկանդալը հանրապետականների և դեմոկրատների միջև անջրպետ էր առաջացրել դեռ անցած տարվա հոկտեմբեր ամսից:

Կոնգրեսական Ադամ Շիֆի խոսքերով. «Հուսով եմ նախագահը իր մեջ ուժ կգտնի և ներողություն կխնդրի թե՛ նախագահ Օբամայից, թե՛ ամերկացի ժողովրդից՝ մեզ բոլորիս ապակողմնորոշելու համար»:

Ներկայացուցիչների պալատի հետաքննությունների հարցերով հանձնաժողովում նույն գործով երկրորդ լսումը կանցկացվի հաջորդ շաբաթ: