ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը և Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին հանդիպում են ունեցել առաջին անգամ Սպիտակ տանը, որի ընթացքում անդրադարձել են ԴԱԵՇ-ի դեմ երկու երկրների միասնական պայքարին:
Նախագահ Թրամփը հանդիպման սկզբում խոսել է Մոսուլից և Իրաքի մնացած մասերից 2011 թվականին ամերիկյան զորքերի դուրս բերումից հետո ստեղծված վակուումային իրավիճակի մասին:
«Մենք իհարկե չպետք է հեռանայինք և ստեղծեինք վակուում: Բայց այսուհետ ձեզ հետ ավելի հաճախ ենք նման քննարկումներ անցկացնելու։ Մեր գլխավոր խնդիրը «Դաեշ»-ի վերացումն է և մենք դա կանենք, մենք դա այժմ էլ անում ենք»,- ասել է նախագահ Թրամփը:
Իրաքի վարչապետն էլ իր հերթին նշել է, որ ԱՄՆ-ի գործող վարչակազմը ցանկանում է ավելի ներգրավված լինել ահաբեկչության դեմ պայքարի մեջ: ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը շարունակում է նոր ռազմավարության մշակումը Դաեշ-ի դեմ պայքարում:
Այս պահին գլխավոր նպատակներից է Մոսուլ քաղաքի վերջնական ազատագրումը, որը Դաեշ-ի զինյալների ձեռքում է 2014 թվականից:
Իրաքի վարչապետի հետ բանակցությունները նախորդում են 68 երկրներ ընդգրկող Գլոբալ դաշինք անվանումը կրող կազմակերպության հանդիպմանը։ Վաշինգտոնում անցկացվելիք այս հանդիպման հիմնական հարցն է լինելու պայքարը «Իսլամական պետություն» խմբավորման դեմ: Սա 2014 թվականի դեկտեմբերից կոալիցիոն երկրների միջեւ առաջին հանդիպումն է։
Սակայն դեռևս անորոշ է Վաշինգտոնի օժանդակության հետագա ճակատագիրը, քանի որ նախագահ Թրամփը հանդես է եկել ԱՄՆ-ի պետքարտուղարության և Միջազգային զարգացման գործակալության միջոցների 30 տոկոսի կրճատման նախաձեռնությամբ: Երկու կառույցներն էլ ակտիվորեն ներգրավված են խաղաղապահ առաքելությունների ու զարգացման ծրագրերի իրականացման ոլորտներում: