Իրաքյան բանակը շարունակում է առաջխաղաղացումն Արևմտյան Մոսուլի ուղղությամբ՝ ուղղաթիռների և օդային ուժերի օգնությամբ: Այն կարողացել է դուրս մղել «Դաեշ»-ի զինյալներին Ալ Նուրի մզկիթի շրջակայքից, որը խորհրդանշանական հաղթանակ է, քանի որ հենց այս մզկիթում էր 2014 թվականի հուլիսին «Դաեշ»-ի առաջնորդը ծավալել իր քարոզչությունը: Սակայն Մոսուլի հին քաղաքի վերջնական ազատագրումը կապված է մի շարք խնդիրների հետ:
«Սա չափազանց բարդ հատված է, շատ խիտ և քաոսային, բայց մեր զորքերը կարողացել են առաջ շարժել զինտեխնիկան և մտնել հին քաղաք»,- ասում է իրաքյան ոստիկանական ուժերի գեներալ Հայդեր Յուսուֆ Աբդուլան:
Զինյալները օգտագործում են մահապարտներին՝ կառավարական զորքերի առաջխաղացումը կանգնեցնելու համար: Ռազմական գործիչներն ասում են, որ դժվար է մարտեր վարել խիտ բնակեցված հին քաղաքում:
«Առաջնային մարտահրավերն այն է, թե ինչպե՞ս կարելի է խուսափել քաղաքացիական բնակչության զոհերից, քանի որ «Դաեշ"-ը նրանց օգտագործում է որպես կենդանի վահան: Մեկ այլ մարտահրավեր էլ այն է, որ այս տարածքը լի է հնագույն պատմական շինություններով, և մենք խուսափում ենք օգտագործել ծանր հրետանի»,- ասում է իրաքյան արագ արձագանքման ուժերի հրամանատար, գեներալ Աբբաս ալ Յուբուրին:
Քաղաքացիական բնակչությունը լքում է արևմտյան Մոսուլը՝ ճանապարհին հանդիպելով բազմաթիվ դժվարությունների: Ականների կամ պայթյունների հետևանքով բազմաթիվ մարդիկ են վիրավորվում:
«Ճանապարհին կարող եք տեսնել մարդկանց դիակներ, ովքեր սպանվել են ավտոմեքենաների տակ տեղադրված պայթուցիկներից: Նրանք քայլելիս դիպչել են դրանց լարերին: Այնտեղ 15 սպանվածների դիակներ կան, որոնք ուզում էինք հեռացնել, սակայն զինյալները կրակում են մեզ վրա և թույլ չեն տալիս դա անել»,- ասում է Մոսուլի բնակիչ Աբու Դունայը:
Իրաքյան բանակը սկսել է Մոսուլի ազատագրման գործողությունը հոկտեմբեր ամսին: Ինչի հետևանքով շուրջ 250 հազար մարդ լքել է ռազմական գործողությունների գոտին, իսկ ավելի քան կես միլիոն քաղաքացիական բնակիչներ շարունակում են պատանդ մնալ Մոսուլի հին քաղաքում՝ զինյալների վերահսկողության ներքո: