Երեքշաբթի օրը Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կասեցրեց Վրաստանի Գերագույն դատարանի որոշումը, որի համաձայն «Ռուսթավի-2» ընդդիմադիր հեռուստաալիքը պետք է անցներ նախկին սեփականատիրոջը:
«Ռուսթավի 2»-ի գործով դատավարությունը սկսվել էր 2015 թվականին, երբ հեռուստաընկերության նախկին սեփականատեր, գործարար, իշխանությունների մերձավոր դաշնակից համարվող Քիբար Խալվաշին պահանջեց իրեն հետ վերադարձնել վաճառված հեռուստաընկերությունը:
«Չեմ սխալվի, եթե ասեմ, որ ամբողջ Վրաստանը սպասում էր այս ուրախալի որոշմանը: Մենք երախտապարտ ենք Ստրասբուրգի յոթ դատավորներին ում շնորհիվ հիմա «Ռուսթավի 2»-ի աջակիցները տոնում են այս հաղթանակը: Սա նշանակում է, որ մենք իչնպես նախորդ տարիներին կաշխատենք նույն խմբագրական կազմով և հավատարիմ կլինենք մեր առաքելությանը», - ասում է «Ռուսթավի 2»-ի լրատվականի տնօրեն Գիորգի Լափարաշվիլին:
«Ռուսթավի 2»-ը թերեւս Վրաստանի ամենազդեցիկ ընդիմադիր լրատվամիջոցն է: Եթե դատարանը բավարարեր Խալվաշիի դատական հայցը, «Ռուսթավի 2»-ը , հավանաբար կկորցներ իր անկախությունը:
Մարդու իրավունքների եվրոօական դատարանը անցած շաբաթ ներգրավվելով այս աղմկահարույց դատավարության մեջ՝ չեղյալ համարեց Վրաստանի գերագույն դատարանի՝ «Ռուսթավի 2»-ը իր նախկին սեփականատեր Քիբար Խալվաշիին վերադարձնելու հավանական որոշումը:
2015 թվականին Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը կոչ էր արել Թբիլիսիին՝ հրաժարվել լրատվամիջոցների աշխատանքներին միջամտելուց: