Ամբոխը զայրացած բացականչում էր ամոթ այն պահին, երբ Մայամիի քաղաքային հանձնաժողովը հավանության էր արժանացրել քաղաքապետ Կարլոս Գիմենեսի որոշումը՝ դաշնային իշխանությունների հետ ներգաղթյալների հարցում համագործակցելու մասին:
Ըստ քաղաքապետի Մայամին երբեք չի եղել այսպես կոչված սուրբ քաղաք, որտեղ իրավապահ մարմինները չեն ձերբակալում անօրեն ներգաղթյալներին՝ անօրինական կերպով երկիր մուտք գործելու համար:
«Սա կարևոր է մեզ համար, քանի որ մենք չենք կարող վտանգի տակ դնել դաշնային ֆինանսավորումը: Դա այն միջոցներն են, որ մենք ստանում ենք այժմ և կստանանք ապագայում»,- ասել է քաղաքապետը:
Մամուլի տեղեկության համաձայն 150 հազարից մինչև կես միլիոն անօրեն ներգաղթյալներ են բնակվում Մայամիում: Օրինակ, Մայամի Դեյդ շրջանի 2,7 միլիոն բնակչության կեսը ներգաղթյալներ են հիմնականում Կարիբյան երկրներից կամ Կենտրոնական ու Հարավային Ամերիկայից:
Այս շաբաթ ԱՄՆ-ի վարչակազմը հրապարակել է նոր ծրագիր, որը տեղի ոստիկանության մարմիններին լիազորում է փաստացի զբաղվել նաև ներգաղթյալների հարցերով: Մայամիի նման քաղաքի համար դա դժվար իրականացվող ծրագիր է, որտեղ ոստիկանությունն ու քաղաքապետը հրաժարվում են ուղղակի ներգրավվել ներգաղթյալների հետ կապված հարցերում:
«Մենք չենք ցանկանում կորցնել մեր բնակչության վստահությունը: Մենք չենք ցանկանում, որ որևէ կին, ով ենթարկվել է բռնության, սակայն վախենում է արտաքսվելուց, հրաժարվի դիմել ոստիկանություն», - ասել է Մայամի Դեյդ շրջանի ոստիկանության խոսնակ Ալվարո Զաբալետան:
Նախկինում, եթե որևէ մեկը ձերբակալվել է հանցագործության համար և պարզվել է, որ նա խախտել է ներգաղթի օրենսդրությունը, վերջինիս ձերբակալության մեջ պահելը կարող էր երկարաձգվել, եթե դաշնային մարմինները վճարեին նրան բանտում պահելու դիմաց: Քաղաքապետ Գիմենեսը հայտարարում է, որ քաղաքային իշխանությունները այժմ կվճարեն միայն 48 ժամվա համար:
Ներգաղթյալներին օժանդակող տեղական վարչակազմերի և դաշնային իշխանությունների միջև հակասությունները շարունակվում են, սակայն դրանք կարող են բացասական հետևանքներ ունենան նախագահ Թրամփի վարչակազմի համար: