Իրանն աշխարհումբնական գազի ամենամեծ պաշարներն ունեցող երկրների շարքում է, սակայն այն մատակարարում է աշխարհում գազի պահանջարկի ընդամենը մեկ տոկոսը: Այն այսօր փորձում է ներգրավել օտարերկրյա ներդրումներ էներգետիկ սեկտորի վերակազմավորման համար: Դրան է միտված նաև Ֆրանֆուրտում նախատեսվող համաժողովն Իրանի պաշտոնյաների ու ներդրողների մասնակցությամբ:
Իրանի կառավարությունը տեղեկացնում է, որ կնքել է 70 միլիարդ դոլարի պայմանագրեր, որինց կեսը կտրամադրվի մոտակա ամիսներին:
Սակայն Դոնալդ Թրամփի հաղթանակը նախագահական ընտրություններում կարող է խանգարել Իրանի ծրագրերի իրականացմանը: Նա խոստացել է վերանայել իրանյան միջուկային համաձայնագիրը, որը ստորագրվել է նախագահ Օբամայի օրոք:
«Ամենավատ համաձայնագիրը, որ երբևէ ես տեսել եմ, Իրանի միջուկային համաձայնագիրն է: Իմ վարչակազմն արդեն նոր պատժամիջոցներ է կիրառել Իրանի նկատմամբ»,- հայտարարել է նախագահ Թրամփը։
Այս ամիս ֆրանսիական Total էներգետիկ ընկերությունը հայտարարել է, որ Իրանում իր ներդրումների ապագան կապված է Վաշինգտոնի հետագա գործողությունների հետ: Ի պատասխան Իրանի նավթամթերքի փոխնախարարը հայտարարել է.
«Մենք կարող ենք հաղթահարել բոլոր տարաձայնությունները և անորոշությունը, որը ստեղծվել է Վաշինգտոնի կողմից, եթե հարցը վերաբերում է նավթի ու գազի ոլորտին կամ Իրանի միջուկային համաձայնագրին»,- հայտարարել է Ամիր Հուսեյն Զամանինիան:
Չնայած առկա անորոշությանը՝ եվրոպական և ասիական շատ ընկերություններ շարունակում են համագործակցել Իրանի հետ: Նավթային խոշոր Shell ընկերությունը դեռևս դեկտեմբերին ակնարկել է, որ Թեհրանի հետ հասել է համաձայնության:
«Երբ Shell-ը մուտք է գործում երկիր, այն ցանկանում է երկար այնտեղ աշխատել»,- ասում է Հանս Նիջկամփը՝ Shell-ի իրանյան մասնաճյուղի փոխնախագահը:
Եվրոպան ևս խրախուսում է ներդրումները:
«Մենք ցանկանում ենք զարգացնել համագործակցությունը Բրիտանիայի ու Իրանի միջև նավթի ու գազի սեկտորներում»,- հայտարարել է Իրանում Մեծ Բրիտանիայի դեսպանը
Թեհրանը իր հերթին ընդգծել է, որ Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի այցը Վաշինգտոն դրականորեն կազդի ներդրողների վրա: