Այն բանից հետո, երբ փախստականների մասին Դոնալդ Թրամփի հրամանագիրը դատավորների կողմից արգելափակվեց, ԱՄՆ-ի օդանավակայաններում վերականգնվել է յոթ մահմեդական երկրներից եկող մարդկանց հոսքը։
Սիրիացի փախստական Աբուլսթամ Նայեֆն ասում է,- «Շնորհակալ եմ ամերիկայի ժողովրդին, ովքեր հնարավոր դարձրեցին մեր այստեղ գալն ու մեզ կրկին հույս ներշնչեցին»:
Սակայն Սպիտակ տան խորհրդական Սթիվըն Միլլերի խոսքերով, իրենք դեռ մի քանի տարբերակներ ունեն փախստականների մուտքը երկիր արգելելու համար:
Սթիվըն Միլլերը ասում է,- «Օտար երկրի որևէ քաղաքացի սահմանադրական իրավունք չունի մեր երկիր մուտք գործելու թույլտվություն պահանջել: Մի խոսքով, նախագահը դեռ մի քանի տարբերակներ ունի ահաբեկիչների մուտքը մեր երկիր կանգնեցնելու համար»:
Դաշնային օրենքը նախագահին մեծ արտոնություններ է տալիս օտարերկրացիների մուտքը ԱՄՆ վերահսկելու համար: Սակայն ներգաղթի մասին Թրամփի հրամանը առաջինը հարցականի տակ դրած դատախազի կարծիքով, օրենքում առաջնայինը սահմանադրությամբ կրոնի ազատության և հավասար պաշպանության երաշխիքն է:
Վաշինգտոն նահանգի դատախազ Բոբ Ֆերգուսոնն ասում է,- «Իհարկե նախագահը արտոնություններ ունի, սակայն ոչ ոք օրենքից վեր չէ: Եվ նրա հրամանները պետք է դեմ չլինեն մեր սահմանադրությանը»:
Սպիտակ տունը կարող է շարունակել պաշտպանել ներգաղթի արգելքը, կամ փորձել մեկ ուրիշ հրամանագիր կազմել, որը կկարողանա դիմակայել օրենսդրական փորձությունները:
ԱՄՆ-ի նախագահ Թրամփն ասում է,- «Մենք շատ այլ հնարավորություններ ունենք, ներառյալ՝ նոր հրամանի արձակումը»:
Վերջին երկու շաբաթները վկայում են ընտրարշավի ընթացքում տրված իր խոստումը կատարելու նախագահի վճռականության, ինչպես նաև դատական համակարգի՝ դրան խոչնդոտելու կարողության մասին:
Your browser doesn’t support HTML5