Ռումինիայում արդեն երկու շաբաթ անընդմեջ փողոցներում գտնվող ցուցարարներն ի վերջո հաղթեցին: Երկրի խորհրդարանը հավանություն տվեց հակակոռուպցիոն հարցերով հանրաքվեի անցկացմանը:
«Ռումինիայի խորհրդարանը եզակի որոշում է ընդունում, հավանություն տալով ազգային հանրաքվեի անցկացմանը՝ հակակոռուպցիոն պայքարի վերաբերյալ», - նշել է Ռումինիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության պատգամավոր Սերբան Նիկոլաին։
Դեռեւս պարզ չէ, թե ինչպես է ձեւակերպված լինելու հանրաքվեի հարցը, սակայն միանշանակ պարզ է, որ Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում եւ խոշոր քաղաքներում կառավարության հրաժարականը պահանջող ու ներկայումս շարունակվող ցույցերը տվեցին առաջին արդյունքը:
«Մենք պահանջում ենք կառավարության հրաժարականը, որովհետեւ կառավարության նկատմամբհավատ չկա: Կառավարությունը փորձեց ոտքերը մաքրել օրենքի եւ ժողովրդավարության վրա, սակայն, մեզ համար դա անընդունելի է: Մենք այստեղ ենք հանուն մեր ապագայի, մեր երեխաների: Սա մեր երկիրն է, մենք այն չենք ուզում լքել», - ասում է ցուցարարներից մեկը:
Ռումինիայում բողոքի խոշոր ցույցեր սկսվեցին երկու շաբաթ առաջ, երբ երկրի ձախակողմյան կառավարությունը հրաժարվեց աջակցել հակակոռուպցիոն օրենքների փաթեթին: Ի պատասխան քաղաքացիները փողոց դուրս եկան, հայտարարելով, որ նման կառավարություն իրենց պետք չէ:
«Մենք այլեւս կոռումպացված քաղաքական գործիչներ չենք ցանկանում, բավարար էր, 27 տարին բավարար էր: Այդ բոլոր վիրավորանքները մեր հասցեին՝ մենք դրանք չենք ուզում: Չենք ուզում, որ իրենք իրենց համար օրենքներ ընդունեն, սա օլիգարխների երկիր չէ: Սա եվրոպական երկիր է», - ասում է ցուցարար Սթեֆան Իոանուն:
Սրանք Ռումինիայում խոշորագույն բողոքի ցույցերն են 1989 թվականից ի վեր, երբ հրապարակայնորեն գնդակահարվել էր երկրի ղեկավար Նիկոլաի Չաուշեսկուն: