Կալիֆորնիայի նահանգային իշխանությունները տարհանել են մոտ երկու հարյուր հազար բնակիչների՝ Կալիֆորնիայի նահանգում գտնվող Օրովիլի ամբարտակի փլուզման վտանգի հնարավորության պատճառով:
Ըստ պաշտոնական տեղեկության, 230 մետրանոց ամբարտակում գրանցվել է ջրի մակարդակի աննախադեպ աճ: Պատկան մարմինները փորձում են ջրի բացթողման միջոցով վերահսկողության տակ վերցնել իրավիճակը, սակայն հայտնաբերված թերությունները թույլ չեն տալիս շտկել իրադրությունը:
Վթարային բացթողման համակարգը գործի է դրվել առաջին անգամ 1968 թվականից ի վեր: Կալիֆորնիայի ջրի կառավարման վարչությունից փոխանցել են, որ վթարային համակարգի հետ կապված խնդիրները կանխատեսելի էին: Վարչությունը նաև տեղեկացնում է, որ շարունակում է բաց թողնել վայրկյանում 2830 խորանարդ մետր ջուր՝ փորձելով իջեցնել Օրովել լճիցջրի մակարդակը: Բացի դրանից, փորձ է արվում կանգնեցնել ջրի հոսքը՝ վնասված հատվածներում տեղադրելով քարերով բարձած կոնտեյներներ:
Իշխանությունները հավաստիացնում են, որ ամբարտակի փլուզման վտանգ չկա, սակայն մտահոգություն են հայտնել ջրի մակարդակի շարունակական աճի վերաբերյալ, որը կարող է վտանգ ներկայացնել տեղի բնակչությանը:
Օրովիլի ամբարտակը կարևոր դեր է խաղում Կալիֆորնիա նահանգի ջրամատակարարման և էներգետիկ համակարգերում: Արտակարգ իրավիճակի գրանցման պատճառըվերջին շրջանում Կալիֆորնիայում գրանցված ձյան ու անձրևների աննախադեպ տեղումներն են, ինչի արդյունքում բարձրացել է ամբարտակում ջրի մակարդակը: