Ջեֆ Սեշընզը՝ ԱՄՆ-ի արդարադատության նախարար

Ջեֆ Սեշընզը հինգշաբթի օրը երդում տվեց ԱՄՆ-ի գլխավոր դատախազի պաշտոնում։ Նա համարվում է նաեւ կառավարության անդամ, այսինքն՝ ղեկավարում է երկրի արդարադատության նախարարությունը։

7Օ տարեկանում Ջեֆ Սեշընզը պաշտոնապես միանում է իր հասակակից Դոնալդ Թրամփի թիմին ու ստանձնում 113 հազար աշխատակիցներ ընդգրկող արդարատության համակարգի ղեկավարությունը։

Սեշընզի թեկնածությունը Թրամփի առաջադրած բոլոր թեկնածուներից ամենահակասականն էր, քանի որ նրան մեղադրում են ռասիզմի մեջ ու հիշեցնում դեռեւս 1986 թվականը, երբ հակառակ նրան դաշնային դատավոր նշանակելու Ռոնալդ Ռեյգանի մտադրությանը, Սենատը հրաժարվել էր հաստատել նրան այդ պաշտոնում։

Սենատում Սեշընզի հանրապետական աջակիցներն այսօր ասում են, թե նա հայտնի է իր ազնվությամբ ու աշխատասիրությամբ։ Սենատոր Չաք Գրեսլիի խոսքերով, ՝՝Սեշընզը նվիրված է արդարությանը եւ որ ամենակարեւորն է՝ օրենքին եւ կարգ ու կանոնին՛՛։

Դոնալդ Թրամփը խոստացել է լինել կարգ ու կանոնի նախագահ։ Իսկ նրա արդարադատության նախարարը՝ Սեշընզը հայտնի է անօրինական փախստականության հարցի շուրջ իր կոշտ ու կարծր մեկնաբանություններով։

՝՝Անօրինական փախստականներին շարունակ ներում շնորհելով՝ մենք պարզապես ավելի ու ավելի մեծ թվով անօրինական փախստականների ենք խրախուսում մուտք գործել ԱՄՆ՛՛, ասել է նա՝ այդ խոսքերը կրկնելով նաեւ երդման արարողության ժամանակ։

՝՝Մենք պետք է վերջ դնենք անօրինությանը, որը սպառնում է հասարակության անվտանգությանը, վնասում ժողովրդի կենսամակարդակը՛՛, ասել է նա արդեն նախարարի պաշտոնում։

Մինչեւ նրա հաստատումը, Սենատը մի պահ հայտնվել էր քաոսի մեջ, երբ դեմոկրատ սենատոր Էլիզաբեթ Ուորենն ընթերցեց քաղաքացիական իրավունքների նահատակված պաշտպան Մարթին Լյութեր Քինգի այրու նամակը՝ գրված 1989 թվականին, որը բողոքում էր Սեշընզին դաշնային դատավորի պաշտոնում նշանակելու մտադրության դեմ։

Դրանից հետո էր, որ հանրապետական մեծամասնությունը քվեարկեց Ուորենին այդ օրը խոսելու իրավունքից զրկելու առաջարկի օգտին՝ այն պատճառաբանությամբ, որ ըստ Սենատի օրենքների, որեւէ սենատոր իրավունք չունի պախարակել մեկ այլ սենատորի։

Սակայն դեմոկրատները, հանձինս Ուորենի խոստանում են, որ ՝՝Եթե Ջեֆ Սեշընզը փորձի թեկուզ չնչին կերպով արդարադատության նախարարություն ներմուծել իր ռասիզմը, սեքսիզմը ու կրոնամոլությունը, պատասխան կտա բոլորի առջեւ՛՛։

Սեշընզը հայտարարում է, որ ինքը գործելու է ի շահ ժողովրդի ու հանուն նրա շահերի։