Մեծ Բրիտանիայի խորհրդարանում Թրամփի ուղերձը՝ հարցականի տակ

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ստորին պալատի նախագահը ՝՝կտրուկ դեմ է՛՛, որ պետական այցի ընթացքում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը խորհրդարանի առջեւ հանդես գա ուղերձով։

Համայնքների պալատի նախագահ Ջոն Բերքոուն երկուշաբթի օրն ասել է, թե Մեծ Բրիտանիայի խորհրդարանում ելույթով հանդես գալու հանգամանքը ոչ թե մեխանիկորեն է տրվում հյուրին, այլ հյուրը ՝՝վաստակում է այդ իրավունքը՛՛։

՝՝Պետական այցը կասեցնելը վեր է խորհրդարանի նախագահի իրավունքներից, սակայն հավատացած եմ, որ ռասիզմի ու սեքսիզմի նկատմամբ ընդդիմությունը եւ օրենքի ու արդարադատության առջեւ հավասար իրավունքների նկատմամբ աջակցությունը չափազանց կարեւոր հարցրեր են Համայնքների պալատի համար՛՛, ասել է Բերքոուն։

Բերքոուն ասել է նաեւ, թե ինքը դեմ կլիներ Թրամփին հրավիրելու հարցում նույնիսկ մահմեդական 7 երկրներից ներգաղթը կասեցնելու մասին վերջինիս կողմից գործադիր որոշում ընդունելուց առաջ։

Թրամփին Մեծ Բրիտանիա այց կատարելու հրավեր է ներկայացրել Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, անցյալ ամիս Սպիտակ տուն կատարած իր այցի ընթացքում։

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատի նախագահը այն մի քանի պաշտոնյաներից մեկն է, որոնք հյուրերին տալիս են խորհրդարանին ուղերձով դիմելու արտոնություն։ Ինքը՝ Թրամփը դեռեւս չի ծրագրում հանդես գալ խորհրդարանի առջեւ։ Սակայն այստեղ ելույթով հանդես գալու հանգամանքը պետական այցերի կարեւոր պահերից է։ Նախկին նախագահ Բարաք Օբաման Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատին ուղերձով էր դիմել 2Օ11 թվականին։

Մեծ Բրիտանիայի մոտ երկու միլիոն քաղաքացիներ են ստորագրել այն խնդրագրի տակ, որը կոչ է անում երկրի իշխանություններին չեղյալ հայտարարել պետական այցը։ Սակայն մյուս կողմից ավելանում է այն խնդրագրի տակ ստորագրած անձանց թիվը, ովքեր կողմ են, որ Թրամփը պետական այցով ժամանի Մեծ Բրիտանիա։ Նրանց թիվն անցել է կես միլիոնը։

Խորհրդարանի անդամներն այս հարցը քննարկելու են այս ամսվա վերջին։