«Յուրաքանչյուր առավոտ առաջին հարցը որ տալիս եմ ինքս ինձ՝ արդյոք մեր բոլոր քաղաքացիներն անվտանգ են», - Սենատի կողմից հավանությանն արժանացած Միացյալ Նահանգների նոր պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն արդեն աշխատանքի է անցել: Այսպիսով, նախագահ Թրամփի վարչակազմի մեծամասնությունը, չնայած դեմոկրատական կուսակցության լուրջ հակազդեցության, հաստատվել է:
Թիլերսոնին քննադատում էին Ռուսաստանի հետ նախկինում ունեցած սերտ գործնական կապերի եւ Վլադիմիր Պուտինի հետ ընկերական հարաբերությունների համար: Թիլերսոնը սակայն միանշանակ արձագանքում էր՝ Միացյալ Նահանգների շահերը բացարձակ առաջնություն կլինեն.
«Այսօր Ռուսաստանն իրենից վտանգ է ներկայացնում, սակայն, սեփական շահերի առաջխաղացման մեջ անկանխատեսելի չէ»:
Սենատի հանրապետական մեծամասնությունը հաստատեց նաեւ ԱՄՆ-ի գլխավոր դատախազ եւ միաժամանակ Արդարադատության նախարարության ղեկավար Ջեֆ Սեշոնսին, ինչը դեմոկրատ օրենսդիրների սուր քննադատությունն էր առաջացրել.
«Մեզ անհրաժեշտ է հասկանալ, թե արդյոք սենատոր Սեշնսը ի վիճակի է կամ ցանկանում է տարբերակել փաստը հերյուրանքներից եւ ճիշտ խոսել», - նշել է դեմոկրատ սենատոր Ալ Ֆրանքենը:
Փորձելով խոչընդոտել հանրապետական վարչակազմի մյուս անդամների հաստատմանը, դեմոկրատական փոքրամասնությունը որոշել էր բոյկոտել Սենատի ֆինանսական կոմիտեի նիստը:
Դա սակայն չկանգնեցրեց հանրապետականներին եւ ավանդույթի հակառակ առանց դեմոկրատների գումարված Սենատի հանձնաժողովի նիստի ընթացքում հանրապետականները ձայների մեծամասնությամբ հավանություն տվեցին Ֆինանսների նախարար Սթիվ Մնուչինի եւ Առողջապահության ու մարդկային ռեսուրսների նախարար Թոմ Փրայսի թեկնածությանը: Այս պահին դեռեւս հաստատված չէ միայն կրթության նախարար Բեթսի ԴեՎոսի թեկնածությունը, որը քննարկվելու է Սենատի ընդլայնված կազմում արդեն մոտ օրերին: