ԱՄՆ-ի Գերագույն դատարանի դատավորի պաշտոնում Նեյլ Գորսուչի թեկնածությունը երկրի Սենատում բորբոքում է կրքեր։ Դեմոկրատները փորձում են կասեցնել նրա հաստատումը, նախագահ Դոնալդ Թրամփը հորդորում է հանրապետականներին ամեն ինչ անել թեկնածությունը հաստատելու համար։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Գերագույն դատարանի դատավորի թափուր պաշտոնում մի քանի օր առաջ ներկայացրեց Նեյլ Գորսուչի թեկնածությունը, որից հետո վերջինս սկսեց հանդիպումներ Սենատում։ Չէ որ վերջնական որոշում պիտի կայացնի Սենատն, իր լիագումար նիստի ժամանակ։ Իսկ դեմոկրատ սենատորները սկսել են իրենց արշավը, պայքար՝ թույլ չտալու, որ Գորսուչը դառնա Գերագույն դատարանի դատավոր։
Ինչպես Սենատում դեմոկրատական փորքրամասնության ղեկավար Չաք Շումերն է ասում, ՝՝Այս վարչակազմը կարծես թե ավելի փոքր հարգանք է տածում կարգ ու կանոնի վրա, քան մեր հիշողությունն է թույլ տալիս հիշել նման վարչակազմ։ Այս վարչակազմը դեմ է դուրս գալիս Սահմանադրությանը աննախադեպ ձեւերով՛՛։
Հիշեցնենք, որ Սենատում հանրապետականներն ունեն 52, դեմոկրատները՝ 48 աթոռ։ Այնպես որ Գորսուչին Սենատը կարող է հաստատել այդ պաշտոնում։ Բայց այստեղ դեմոկրատներն ունեն մի հնարավորություն, այսպես կոչված ՝՝ծովահենի՛՛ եղանակը, խորհրդարանական մի միջոց, որը միտումնավոր կերպով շարունակ հետաձգում է ու դանդաղեցնում հաստատման ընթացքը, մինչեւ հարցն օրակարգից հանելը։
Խորհրդարանական ՝՝ծովահենի՛՛ դեմ հանրապետականները կարող են պայքարել, եթե իրենց օգտին քվեարկի 6Օ սենատոր։ Այսինքն՝ նրանք պիտի օգտագործեն խորհրդարանական մեկ այլ միջոց, որը ստացել է ՝՝միջուկային տարբերակ՛՛ անվանումը, երբ Սենատը փոխում է կանոնները, այս դեպքում խորհրդարանական ՝՝ծովահենի՛՛ միջոցն արգելելու համար։
Նախագահ Թրամփն էլ Սենատի հանրապետականների առաջնորդ Մաքքոնելին հորդորել է գնալ Սենատի օրենքները փոխելու ուղով։
՝՝Եթե տեսնեք, որ այլ հնարավորություն չկա Գորսուչին հաստատելու համար, հորդորում եմ Միթչ, դիմել խորհրդարանական ՝՝միջուկային տարբերակին՛՛, ասել է Թրամփը։
Շատերն այս ամենից հետո կարող են հարց տալ, իսկ ինչի՞ համար է այս ամբողջ պայքարը։ Արդյո՞ք Գերագույն դատարանի դատավորի պաշտոնն այդքան մեծ նշանակություն ունի Դոնալդ Թրամփի համար։
Այս հարցի պատասխանը շատ կարճ է՝ ՝՝այո՛՛։ Բանն այն է, որ ԱՄՆ-ի Գերագույն դատարանին է պատկանում վիճահարույց օրենքների շուրջ վերջնական որոշում կայացնելու իրավունքը, նահանգների ու դաշնային կառավարության միջեւ առաջ եկող տարաձայնությունների վերաբերյալ որոշում կայացնելու արտոնությունը։ Միայն այն փաստը, որ Գերագույն դատարանն ամեն տարի քննում է ոչ ավելի քան 1ՕՕ գործ, արդեն խոսում է այս դատարանի գերկարեւորության մասին։ Չէ որ նոր վարչակազմի կողմից ընդունված որոշումները նույնպես մի օր կարող են հայտնվել այս դատարանում։