ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի երեկոյան հայտարարեց երկրի Գերագույն դատարանի անդամի պաշտոնում Վճռաբեկ դատարանի դատավոր Նիլ Գորսաչի թեկնածությունը՝ լրացնելու համար անցյալ տարի Անթոնին Սկալիայի անսպասելի մահից հետո թափուր մնացած տեղը։
Սպիտակ տանն անցկացված արարողության ժամանակ Թրամփն ասաց, թե երկրի պաշտպանությունն ապահովելուց հետո նախագահի համար չկա ավելի կարեւոր պարտականություն, քան Գերագույն դատարանի նախագահի ցմահ պաշտոնի համար որոշում կայացնելը։
Թրամփն իր խոսքում նշեց, որ Գորսուչն իր գիտական կոչումը ստացել է Քոլումբիայի ու Հարվարդի համալսարաններից, աշխատել է Գերագույն դատարանի համակարգում։
Սենատի փոքրամասնության ղեկավար Չաք Շումերի խոսքերով, Գորսուչը լսումների ընթացքում կանգնելու է դժվարությունների առջեւ։ Նա հայտարարել է, թե ինքը չի հավատում, որ Գորսուչը կարող է լինել կայուն ու անկախ պաշտոնյա։
Արեւմտյան Քոննեքթիկուտի պետական համալսարանի պատմության դասախոս Քեւին Գոթզմանն էլ ՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ին ասել է, թե Գորսուչը նմանություններ ունի այս պաշտոնը նախկինում զբաղեցրած, հանգուցյալ Անթոնին Սկալիայի հետ։
Հյուսիսային Իլիոնոյսի համալսարանի պատմության դասախոս Արտեմուս Ուորդն էլ կասկածում է, որ Գորսուչին այս պաշտոնում հաստատելու հանգամանքը կարող է փոխել Գերագույն դատարանի գաղափարախոսական հավասարակշռությունը։
Նախագահ Թրամփն այժմ ունի այս համակարգում նոր տեղեր լրացնելու հնարավորություն, քանի որ դատավորներից Ռութ Բեյդեր Գինսբուրգն 83 տարեկան է, Քենեդին՝ 8Օ։