Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը բրիտանական խորհրդարանում իր ելույթի ընթացքում ասել է, որ Միացյալ Թագավորության ու ԱՄՆ-ի միջև հատուկ հարաբերությունները թույլ են տալիս անկեղծ խոսել բոլոր խնդիրների մասին:
«ԱՄՆ-ը ծրագրավորած այցիս հետ կապված՝ նշեմ, որ շոյված եմ, որ այդքան շուտ կարող եմ հանդիպել նախագահ Թրամփի հետ: Սա վկայում է Միացյալ Թագավորության ու ԱՄՆ-ի բարեկամական հարաբերությունների մասին, հարաբերություններ, որ մենք ծրագրում ենք խորացնել: Ընդդիմությանը ասեմ, որ ես չեմ վախենում շիտակ խոսել ԱՄՆ-ի նախագահի հետ, և մեր հատուկ հարաբերությունները, որոնք մեր ընդդիմադիր առաջնորդները երբեևիցե չեն ունեցել ԱՄՆ-ի հետ, թույլ են տալիս դա անել»:
Մեյը չորեքշաբթի օրը մեկնել է Ֆիլադելֆիա նախքան Սպիտակ Տուն այցելելը: Նա կդառնա առաջին օտարերկրյա առաջնորդը, ով կհանդիպի նախագահ Թրամփի հետ: Նա ելույթով հանդես եկավ հանրապետական կոնգրեսականների հավաքին:
«Մենք և դուք միասին վերականգնում ենք մեր ազգերի ինքնավստահությունը: Եվ սա շատ լավ հնարավորություն է նոր լիցք հաղորդել մեր առանձնահատուկ հարաբերություններին այս փուլում: Մենք առաջնորդելու հնարավորություն ունենք կրկին»,- ասել է վարչապետը:
Երկու առաջնորդներն էլ վերանայում են իրենց երկրների առևտրային հարաբերությունները: Brexit-ն ու նախագահ Թրամփի՝ Միացյալ Նահանգների դուրս բերումը Միջխաղաղօվկիանոսյան համաձայնագրից ստեղծում են առևտրային նոր համաձայնագրերի անհրաժեշտություն:
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի վարչապետը քննադատել էր նախագահ Թրամփի նախընտրական շրջանում արած հայտարարությունները կանանց վերաբերյալ՝ անվանելով դրանք անընդունելի: Սակայն Վաշինգտոնում վարչապետ Մեյը պատրաստվում է խոսել երկուստեք հետաքրքություն ունեցող խնդիրների մասին, ներառյալ առևտրային հարաբերությունները, ահաբեկչության դեմ պայքարն ու Սիրիայի ճգնաժամը: