Երուսաղեմի փոխքաղաքապետ Մեիր Թուրջեմանը մի քանի օր առաջ հայտարարել էր, թե ինքը ստացել է քաղաքում հրեական թաղամասերի կառուցումը ժամանակավորապես դադարեցնելու հրահանգ՝ մինչեւ հունվարի 2Օ-ին ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի երդմնակալությունը։ Պատճառն այն է, որ նախկին նախագահ Բարաք Օբաման պարբերաբար էր դատապարտում անօրինական շինարարությունը գրավյալ տարածքներում, իսկ մինչեւ պաշտոնամուտի արարողությունը՝ Թրամփը հայտարարում, թե ինքը հրեական թաղամասերի կառուցման կողմնակից է։
ԱՄՆ-ի նախագահի պաշտոնը Թրամփին անցնելուց անմիջապես հետո Իսրայելի վարչապետը հրահանգեց վերսկսել Արեւելյան Երուսաղեմում նոր թաղամասերի շինարարությունը, երբ պաղեստինցիները պնդում են, որ շինարարությունն իրականացվում է այն տարածքներում, որոնք մտնելու են պաղեստինյան ապագա պետության կազմի մեջ։ Պաղեստինյան իշխանության նախագահ Մահմուդ Աբասն էլ նախազգուշացնում է, որ ԱՄՆ-ի դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու նախագահ Թրամփի մտադրությունը կարող է վնասել իսրայելա-պաղեստինյան խաղաղության գործընթացը։
Հիշեցնենք, որ Իսրայելի կողմից հրաեական թաղամասերը վերաբերում են այն տարածքներին, որոնք Իսրայելը գրավել էր 1967 թվականի Մերձավորարեւելյան պատերազմի ժամանակ։ Դրանք են Հորդանան գետի արեւմտյան ափը, Արեւելյան Երուսաղեմը եւ Գոլանի բարձունքները։ Վիճահարույց այս տարածքներում մինչ այժմ կառուցվել է մոտ 16Օ նման թաղամաս՝ այստեղ տեղափոխելով մի քանի հարյուր հազար մարդ։ Սրանք վիճահարույց այն տարածքներն են, որոնք իսրյելա-պաղեստինյան հակամարտությունը ՝՝երկու պետություն՛՛ սկզբունքով լուծելուց հետո, մտնելու են պաղեստինյան անկախ պետության կազմի մեջ։
Մինչեւ պաղեստինյան պետության կարգավիճակի շուրջ համաձայնության գալը, հրեական թաղամասերի կառուցումը հետաձգելու մասին համաձայնություն էր ձեռք բերվել դեռեւս 1993 թվականին Օսլոյում կնքված պայմանագրով։
Օբամայի նախագահության օրոք հրեական թաղամասերի կառուցումն ընթանում էր ընդհատումներով, քանի որ նախկին վարչակազմը դա համարում էր խաղաղության բանակցությունների ճանապարհին խոչընդոտ։ Նախկին վարչակազմն իր վերջին օրերի ընթացքում, առաջին անգամը լինելով, նույնիսկ թույլ տվեց, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտեր նոր թաղամասերի կառուցումը։ Այդ օրերին էր, երբ այն ժամանակ ապագա նախագահ Թրամփը թվիթերյան իր էջում գրեց. ՝՝Ամուր մնա Իսրայել. Հունվարի 2Օ-ն արագ է մոտենում՛՛, ու Իսրայելում ԱՄՆ-ի դեսպան ընտրեց հրեական թաղամասերը կառուցելու ջատագովներից Դեյվիդ Ֆրիդմանին։
Եվ ահա Թրամփի նախագահության երկրորդ օրն Իսրայելի իշխանություններն արտոնեցին եւս 566 տուն կառուցել Արեւելյան Երուսաղեմում։ Փոխքաղաքագլուխն էլ հայտարարեց, թե ՝՝Թրամփի ներկայությամբ խաղի կանոնները փոխվում են՛՛։
Իսկ արդյո՞ք հրեական թաղամասերի կառուցումն անօրինական է։
Միջազգային համայնքը, այդ թվում ՄԱԿ-ը եւ Արդարադատության միջազգային դատարանը դա համարում են անօրինական՝ հիմք ընդունելով 1949 թվականի Ժնեւի վեհաժողովը, որը տարածքներ գրաված պետությանն արգելու է իր ժողովրդի վերաբնակեցում գրավյալ տարածքներում։
Սակայն Իսրայելը հայտարարում է, թե այդ որոշումը չի տարածվում Հորդանան գետի արեւմտյան ափի վրա, քանի որ այն տեխնիկապես գրավյալ տարածք չէ, այլ՝ պաշտպանական պատերազմի արդյունքում ձեռքբերված տարածք։
Ինչեւէ, վիճահարույց տարածքներում Թրամփի թողտվությամբ հրեական թաղամասերի շինարարությունը վերսկսվել է, ու մինչեւ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի կողմից Վաշինգտոն ժամանակելը, դարձել լարվածության սրման պատճառ։