Հանրապետականները պատրաստվում են հետ կանչել Obamacer-ը

FILE - A small group of demonstrators denouncing Obamacare.

Հանրապետականները հետ են կանչում նախագահ Օբամայի առողջապահական ապահովագրության ծրագիրը հայտնի որպես Obamacare: Դրա վերանայումը նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի առաջնահերթությունների շարքում է:

Թրամփը հայտարարել էր, որ ցանկանում է, որ Obamacare-ի հետ կանչման /լուծարման/ և դրա փոխարինման գործընթացները ընթանան զուգահեռ:

«Առողջապահության նախարարի նշանակումից հետո մենք կսկսենք գործել միաժամանակ երկու ուղղություններով: Այն հետ կկանչվի /կլուծարվի/ և կփոխարինվի նոր ծրագրով: Դրա հետ կանչումն /լուծարումն/ ու փոխարինումը տեղի կունենա, հավանաբար, միաժամանակ, անգամ չի բացառվում՝ նույն ժամին: Դա բարդ գործընթաց է, բայց մենք կանցկացնենք առողջապահական այդ օրինագիծը և կբարելավենք առողջապահությունն այս երկրում»,- հայտարարել է Դոնալդ Թրամփը:

Հինգշաբթի կայացած քվեարկության արդյունքում հանրապետականների վերահսկողության տակ գտնվող Սենատը հաստատեց պարզ մեծամասնության միջոցով ընդունված օրինագծերի հետ կանչման մեխանիզմը: Ներկայացուցիչների պալատում, ուր հանրապետականները ևս մեծամասնություն են կազմում, նման քվեարկություն է նախատեսված մոտ օրերս: Հանրապետականների առաջնորդները նախատեսում են Obamacare-ի հետ կանչման /լուծարման/ օրինագիծ ներկայացնել հունվարի վերջին:

Գլխավոր խնդիրն այն է, թե ինչ է տեղի ունենալու հետ կանչումից հետո: Այս պահի դրությամբ հանրապետականների ճամբարում չկա միասնական դիրքորոշում, թե ինչպիսի ծրագիր առաջարկել Obamacare-ի փոխարեն, որն ապահովագրությունից զրկված 20 մլն ամերիկացիներին տրամադրել է առողջապահական ապահովագրություն:

Դեմոկրատներն այս ծրագիրը ընդունել էին 2010 թվականին, երբ ամբողջապես վերահսկում էին Կոնգրեսը: Obamacare-ի ընդունումը ներկայացվում էր որպես կարևոր ձեռքբերում ինչպես առողջապահության ոլորտի ծախսերը նվազեցնելու, այնպես էլ անապահով խավին առողջապահական ապահովագրություն տրամադրելու հարցում: Հանրապետական կուսակցությունը դեմ էր ծրագրին՝ հիմնավորելով, որ այն չափազանց ծախսատար է: