ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում ընտրյալ Դոնալդ Թրամփը շարունակում է կասկածի տակ առնել երկրի անվտանգության ծառայությունների այն փաստարկները, որոնց համաձայն Ռուսաստանը մասնակցություն է ունեցել ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների ընթացքում իրականացված կիբերհարձակումներում։
ԱՄՆ-ի Սենատի Զինված ծառայությունների հանձնաժողովի նախագահ Ջոն Մաքքեյնն ասել է, թե հստակ է, որ Ռուսաստանն է կանգնած հաքերային հարձակման հետեւում, եւ որ այն պիտի կրի պատասխանատվություն։ Նրա խոսքերով, դա Ռուսաստանի կողմից ՝՝պատերազմական գործողություն է՛՛։
Դոնալդ Թրամփը սակայն պարբերաբար գովեստի խոսքեր է ասում Ռուսաստանի նախագահի հասցեին, հատկապես երբ ռուս դիվանագետներին ԱՄՆ-ից վտարելու Օբամայի քայլին Պուտինը չպատասխանեց նույն քայլով։ Ռուսաստանի ու Պուտինի նկատմամբ Թրամփի որդեգրած այս դիրքորոշումը Թրամփին ինչ որ կերպ հեռու է պահում Ամերիկայում տարածված հիմնական դիրքորոշումից։
Ամերիկյան առաջընթացի կենտրոնի աշխատակիցներից Բրայըն Քաթուլիսի խոսքերով,
՝՝Թրամփն այսպիսով իրեն դուրս է մղում Ռուսաստանի այս հարցում դատապարտելու ընդհանուր հոսանքից՛՛։
Մաքքեյնը, որը ժամանակին պարտություն կրեց նախագահական ընտրություններում, չի դադարում դատապարտել Ռուսաստանին։ ՝՝Կոնգրեսում մենք աշխատանքներ ենք տանելու, որպեսզի ավելի խիստ պատժամիջոցներ սահմանենք Ռուսաստանի դեմ՝ ԱՄՆ-ի նկատմամբ հետագա նման հարձակումները կանխելու համար։ Այս հարցում մենք աշխատելու ենք ստանալ դեմոկրատների աջակցությունը՛՛, ասել է նա։
Հանրապետականներից շատերն են նրա նման հայտարարում, որ Ռուսաստանին դատապարտելու համար իրենք պատրաստ են քաղաքական պայքար տանել Թրամփի որդեգրած քաղաքականության դեմ։
Հիշեցնենք, որ երկրի պետքարտուղարի պաշտոնի համար Թրամփը ներկայացրել է Պուտինի հետ սերտ հարաբերություններ ունեցող բիզնեսմեն Ռեքս Թիլերսոնի թեկնածությունը։ Սակայն հիմա պարզ չէ, թե արդյոք Ռուսաստանի հետ վատթարացող հարաբերությունների պայմաններում սենատորները հավանություն կտան նրա թեկնածությանը, թե Թրամփի դեմ հանրապետականների առաջին քայլը կդառնա թեկնածության մերժումը։