՝՝Ֆորդ՛՛ ավտոընկերությունը որոշել է չեղյալ հայտարարել Մեքսիկայում գործարան կառուցելու իր ծրագիրը, ու դրա փոխարեն ընդլայնել Միչիգանում գտնվող գործարանը։ ՝՝Ֆորդ՛՛-ի այս որոշումն ընդունվում է Դոնալդ Թրամփի կողմից ԱՄՆ-ի նախագահի պաշտոնը ստանձնելուց երկու շաբաթ առաջ, որը բազմիցս է հանդես եկել իրենց աշխատատեղերն արտասահմանյան երկրներ տեղափոխող ավտոընկերություններին դատապարտող հայտարարություններով ու սպառնացել հավելյալ հարկեր սահմանել նման ընկերությունների նկատմամբ։
Ամերիկյան ՝՝Ֆորդ՛՛ ավտոընկերությունը մշակել էր Մեքսիկայի Սան Լուիս քաղաքում 1 միլիարդ 6ՕՕ միլիոն դոլարի արժողությամբ գործարան կառուցելու ծրագիր։ Սակայն որոշել է չեղարկել որոշումը, դրա փոխարեն, այդ գումարի մի մասը ներդնել Միչիգանի գորածարանում գերժամանակակից ավտոմեքենաների արտադրության մեջ։
Ինչպես ընկերության գործադիր տնօրեն Մարք Ֆիլդզն է ասում, արտադրվելու են նոր տիպի հիբրիդային ավտոմեքենաներ, երկարաժամկետ մարտկոցների կիրառմամբ էլեկտրական ամենագնաց ավտոմեքենաներ, հիբրիդ ՝՝Մուսթանգ՛՛, ՝՝F-150՛՛ մակնիշի ավտոմեքենաներ, ոստիկանության համար նախատեսված հիբրիդային ավտոմեքենաներ, առանց լարի վերալիցքավորվող մարտկոցներ։ Դրա համար կկատարվեն 7ՕՕ միլիոն դոլարի ներդրումներ՝ ապահովելով նոր 7ՕՕ աշխատատեղ։
Այս որոշումն ընդունելու համար Մարք Ֆիլդզը նշում է նախագահի պաշտոնում ընտրյալ Դոնալդ Թրամփի խոստացած քաղաքականությունը։ Սակայն մյուս կողմից էլ որոշումը բացատրում է հույսիսամերիկյան երկրներում միջին չափսերի ավտոմեքենաների նկատմամբ պահանջարկի անկման փաստով։
՝՝Հարկավոր է լավ հասկանալ այս ներդրման ամբողջ ազդեցության ծավալը։ 7ՕՕ միլիոն դոլարը համարժեք է մի նոր գործարանի կառուցման ծախսերին՛՛, ասում է նա։
Դոնալդ Թրամփն իր ուշադրությունը սեւեռում է Ամերիկայում ավտոարտադրող ամենախոշոր ՝՝General Motors՛՛ ավտոընկերության վրա։ ՝՝Թվիթեր՛՛-ի իր էջում երեքշաբթի օրը նա հանդես է եկել Ամերիկայի տարածքից դուրս ամերիկյան ավտոարտադրող ընկերությունների վրա հավելյալ ՝՝պատժիչ հարկեր՛՛ սահմանելու մասին սպառնալիքով։
Ինչպես վերլուծաբաններն են ասում, այսօր Ամերիկայում մեծաթիվ ընկերություններ են արդեն մտածում հետագա անելիքների մասին, եթե երկրի նոր վարչակազմը շարունակի ճնշումներ գործադրել ամերիկյան արտադրության ապրանքների վրա։
՝՝World Policy՛՛ հետազոտական հաստատության վերլուծաբաններից Ջեյմս Նոլթը հիշեցնում է, որ ՝՝Apple՛՛ ընկերությունն արդեն հաշվարկներ է կատարել, պարզելու համար, թե որքան ներդրում է հարկավոր իր գործարանները Չինաստանից Միացյալ Նահանգներ հետ բերելու համար։
՝՝Այլ ընկերություններ եւս հավանաբար կատարում են նմանատիպ հաշվարկներ ու մշակում գործողությունների ծրագիր։ Չէ որ Թրամփը կարող է շատ հետեւողական լինել իր խոստումների հարցում՛՛։
Ապրանքներ արտադրելու եւ դրանց արտադրության տեղն ընտրելու հարցում որոշումներ կայացնելիս՝ ամերիկյան ընկերություններն այժմ պետք է հաշվի առնեն քաղաքական հնարավոր հետեւանքները։ Մի բան, ինչը քննադատների խոսքերով, կարող է սահմանափակել սպառողների ընտրության հնարավորությունները։ Մի բան, որը շատ այլ փորձագետների խոսքերով էլ, կարող է դառնալ ԱՄՆ-ում նոր աշխատատեղ ստեղծելու պարտադրանք՝ իր դրական արդյունքներով։